Թող ՀՀ քաղաքացիները տեսնեն` ինչ են արել այդ «վամպիրները» սեփական քաղաքացիների հետ․ Զախարովան՝ ԵՄ-ի մասին
04 Դեկտեմբերի 2025, 16:30
Եվրոպական միությունն օգտագործում է պատժամիջոցների մահակը Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրային և ներդրումային համագործակցությունը վերահսկելու համար։ Այս մասին Alpha News-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և հավելել, որ Մոսկվան ԵՄ-ի նման փորձերը համարում է բացարձակ անթույլատրելի միջամտություն ինքնիշխան պետությունների գործերին։
«Գիտե՞ք` ինչի նման է դա։ Կան նման «վամպիրներ», ես կարող եմ ասել՝ «բրյուսելյան վամպիրներ», որոնք «սողում են» դեպի նորմալ մարդիկ և ասում․ «Ուզո՞ւմ եք՝ մենք ձեզ կծենք, և դուք էլ մեզ նման դառնաք, չեք տեսնի ձեր արտացոլանքը հայելիների մեջ, արևի լույսից կվախենաք, էներգիայի կարիք չեք ունենա և այլն»։ ԵՄ ներկայացուցիչներ Կայա Կալլասը և Մարթա Կոսը բառացիորեն բացահայտել են իրենց։ Նրանց հայտարարությունները հերթական անգամ ապացուցում են, որ Բրյուսելի միակ նպատակը Երևանի հետ հարաբերություններում, ըստ էության, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները վնասելն է։
Այսինքն, նրանք արդեն դադարել են դա թաքցնել, և գուցե կցանկանային թաքցնել, բայց մտավոր ունակությունները թույլ չեն տալիս: Մենք տեսնում ենք, և նրանք խոսում են այդ մասին, ԵՄ-ն ամեն միջոցներով փորձում է վնասել մեր ավանդական փոխշահավետ և փոխհարգալից գործընկերությունը հայկական տնտեսության համար կարևոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայում։ Ի՞նչ վատ բան է տեսել հայ սպառողը հայ-ռուսական էներգետիկ համագործակցությունից։ Ոչինչ», — նշել է դիվանագետը։
Զախարովայի խոսքով՝ ՀՀ տարածքում կան ենթակառուցվածքային օբյեկտներ, հաստատվել է փոխադարձ հարգալից երկխոսություն և փոխշահավետ համագործակցություն:
«Թող Հայաստանի քաղաքացիները նայեն, թե ինչ են արել այդ «վամպիրները» սեփական քաղաքացիների հետ։ Ես թվեր ներկայացրի, թե որքան են վճարում այժմ ԵՄ երկրների բնակիչներն այն բանից հետո, երբ այդ «գորշ փերիները» կախարդեցին Ռուսաստանի հետ իրենց երկրների էներգետիկ համագործակցությունը։ Նրանք մի քանի անգամ ավելի շատ են վճարում, նույնն ուզում են անել նաև այլ երկրների հետ։ Նրանք օգտագործում են պատժամիջոցային մահակ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրային և ներդրումային փոխգործակցությունը վերահսկողության տակ վերցնելու համար։ Եվ մենք ԵՄ-ի նման փորձերը համարում ենք բացարձակ անթույլատրելի միջամտություն ինքնիշխան պետությունների գործերին», — հավելել Է Զախարովան։