Թող խաղաղություն լինի․ արցախցի փոքրիկները ճամբարում կտրվում են իրականությունից
10 Հուլիսի 2023, 00:18
Շրջափակված Արցախում հուլիսի 3-ից փոքրիկները բակային 5-օրյա ճամբար են հաճախում, որ կազմակերպում է Ասկերանի «Շող» ցերեկային կենտրոնը՝ համագործակցելով ՀՀ «Երիտասարդները հանուն քրիստոնեության» կազմակերպության հետ։
Ավելի քան 30 երեխա-ճամբարական կա, որ մեծ սիրով մասնակցում է տարբեր ինտելեկտուալ խաղերի, երգում ու պարում է:
Կենտրոնի համակարգող Անահիտ Դանիելյանն «Արցախթերթի» հետ զրույցում ասում է, որ սա լավագույն նվերն էր, որ կարող էին տալ երեխաներին՝ շրջափակման պայմաններում․
«Մեր կենտրոնի մասնագիտական թիմը կարողանում է սաներին տալ նաև հայեցի դաստիարակություն: Նկատելի է երեխաների լավ ու պատրաստակամ տրամադրությունը: Ուրախ են փոքրիկները, երջանիկ ենք մենք: Թո՛ղ Արցախ աշխարհում խաղաղություն լինի, և մեր մանուկներն ունենան անհոգ մանկություն, լինեն առողջ ու ապահով»: