Հայաստանից թողնենք գնա՞նք, դա՞ է ձեր ուզածը. Քասախի բնակիչների ակցիան շարունակվում է

10 Ապրիլի 2025, 11:07

Քաղաքականություն

«Թողեք ապրեն էլի էս մարդիկ, թողնենք Հայաստանից գնա՞նք, էտ ա ձեր ուզածը: Հողը պաշտպանողը ռամիկն է եղել, ոչ մի հարուստի, պաշտոնյայի տղա չի գնացել զոհվել: Թողեք ապրենք էլի, ի՞նչ եք ուզում»,- լրագրողների հետ զրույցում նշել է Քասախ գյուղի բնակիչներից մեկը, որը մասնակցում է բողոքի ակցիային։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Արագածոտնի մարզի Քասախ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերադարձնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երևանի հետ։

Բնակիչները պարբերաբար փորձում են փակել Երևան-Աշտարակ մայրուղին, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։

«Մեր պահանջը մեկն է՝ տրանսպորտը շարունակի աշխատել, ավել բան չենք ուզում, համայնքն այնքան մեծ է, որ կարող է նույնիսկ 3 տրանպորտ աշխատել ու հաստատ շահած դուրս կգան»,- ասել է Քասախի մեկ այլ բնակիչ:

Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմի, ՏԿԵ նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին կառավարությունում հանդիպել են Քասախի և Պռոշյանի բնակիչների հետ։ Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարել են, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում է Երևանի հետ, կհանվի։