Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայկական կողմի զոհի առնչությամբ

05 Դեկտեմբերի 2023, 14:05

Քաղաքականություն

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների առնչությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ։ ԵՄ պաշտոնյան թեմային անդրադարձել է X սոցիալական հարթակում։

«Մտահոգիչ հաղորդումներ ենք ստացել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և մահվան դեպքի կապակցությամբ։ Եվրամիությունն անընդհատ շփման մեջ է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ տեղում տիրի հանգստություն, իսկ բանակցային սեղանի շուրջ ձեռք բերվի վճռական առաջընթաց», — գրել է Կլաարը։

Ադրբեջանի զինված ուժերը դեկտեմբերի 4-ի ժամը 14։35-ի սահմաններում կրակ են բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։