Տպավորություն է՝ երիտասարդին ծեծել են, իսկ նա գնացել է ավագ եղբոր մոտ՝ օգնություն խնդրելու․ Արթուր Մուրադյան
28 Նոյեմբերի 2024, 22:30
Վրացահայ ուսուցիչ Արթուր Մուրադյանն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը և նշել, որ մեծամասամբ վրաց ժողովուրդն իր ընտրությունը կատարել է հօգուտ «Վրացական երազանք»-ի:
«Վրաց ժողովուրդը շատ խառնվածքով ժողովուրդ է, ինչպես հայերը, և մենք շատ ընդհանրություններ ունենք։ Վրաց ժողովուրդն, ինչպես նաև տեղի հայերը միշտ ցանկանում են լավագույնը, և եթե ինչ-որ բան մեզ դուր չի գալիս, մենք դա փոխում ենք դեպի լավը։ Դուք տեղյակ եք, որ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում վրացական ընդդիմությունը ջախջախիչ պարտություն կրեց, բայց չհաշտվեց կատարվածի հետ։ Եվ մի քանի օր առաջ մեր ընդդիմության ներկայացուցիչները մեկնեցին Ստրասբուրգ, և անձամբ ես՝ որպես Վրաստանի քաղաքացի, երկակի տպավորություն ստացա։ Պատկերացրեք մի երիտասարդ տղայի, ով կռվել է իրենից ուժեղ մեկի հետ, չի կարողացել ինքնուրույն գլուխ հանել, հետո գնացել է ավագ եղբոր մոտ և նրանից օգնություն խնդրել: Ահա մոտավորապես այս իրավիճակն է: Քանի որ ես աշխատում եմ մի քանի ոլորտներում, ստիպված եմ օրվա ընթացքում շփվել և գործ ունենալ շատ մարդկանց հետ:
Ես անընդհատ գործ ունեմ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ՝ սկսած դպրոցի աշակերտներից ու ուսուցիչներից, վերջացրած դատախազով ու դատավորներով։ Շփվելով շատ մարդկանց հետ՝ գիտեմ Վրաստանի հասարակ ժողովրդի կարծիքը։ Իհարկե, կա նաև ընդդիմադիր տրամադրված կոնտինգենտ, բայց հիմնականում վրաց ժողովուրդը կատարել է իր ընտրությունը։ Հոկտեմբերի 26-ին վրաց ժողովուրդը սատարել է «Վրացական երազանք»-ին, քանի որ հենց «Վրացական երազանք»-ն ունի ամենահավասարակշռված դիրքորոշումը։
Խորհրդային Միության փլուզումից հետո, սկսած այն ժամանակաշրջանից, երբ Վրաստանն ու Հայաստանն անկախություն ձեռք բերեցին, երկու երկրների հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել, որքան հիմա: Անձամբ ինձ համար, ով ազգությամբ հայ է և Վրաստանի քաղաքացի, սա շատ լուրջ գործոն է «Վրացական երազանք»-ին աջակցելու համար: Բացի այդ, կարելի է համեմատել այն, ինչ կար մինչ «Վրացական երազանքի» իշխանության գալը, և դրանից հետո: Այո, իհարկե հասկանալի է, որ Վրաստանում էլ կա ընդդիմադիր տրամադրված կոնտինգենտ, բայց «Վրացական երազանք»-ի աջակիցներն ավելի շատ են, և ես նույնպես աջակցում եմ ներկայիս իշխանությանը», — ընդգծել է Արթուր Մուրադյանը։