Թրամփի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը

22 Մարտի 2025, 17:39

Քաղաքականություն

Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում Մերձավոր Արևելքում Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը։

«Եթե ես չեմ զգում, որ հաջողության կհասնեմ, ինչո՞ւ պետք է ծախսեմ իմ ժամանակը կամ, ավելի վատ, ԱՄՆ-ի ժամանակը։ Ինչո՞ւ պետք է գնամ և նախագահին ասեմ, որ մենք կարող ենք երկխոսության միջոցով վերջ տալ ինչ-որ հակամարտության, և հետո մեզ չհաջողվի դա անել։ Վատ քաղաքական ռազմավարություն կլիներ, եթե անձամբ ես չմիջամտեի, եզրակացություններ չանեի և նախագահին չասեի՝ կարո՞ղ ենք մենք վերջ տալ դրան, թե՞ ոչ։ Այս բոլոր հաշվարկները վերաբերում են իրանցիներին, ռուսներին և ուկրաինացիներին, նույնը վերաբերում է Ադրբեջանին և Հայաստանին»,- ասել է Ուիթքոֆը։

Դիվանագետը չի հստակեցրել՝ արդյոք ԱՄՆ-ն իր ժամանակը կծախսի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վրա, թե՞ ոչ։