Թրամփի նախագահ դառնալը դեմոկրատների թույլ տված կոպիտ սխալների արդյունքն է. Ռոբերտ Մարգարյան

08 Նոյեմբերի 2024, 12:54

Կարծիք | Քաղաքականություն

Թրամփի նախագահ դառնալը դեմոկրատների թույլ տված կոպիտ սխալների արդյունքն է: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:

«Ձայների տարբերությունը բավականին մեծ էր ու ոչ միայն ընտրական, այլև հանրային ձայների: Թրամփի մասին միջազգային առումով ամենատարբեր տեսակետները կարող են լինել, իրեն վտանգավոր կարող են համարել աշխարհի համար, թեև Թրամփն ասել է, որ եկել է պատերազմները դադարեցնելու ոչ թե պատերազմ սկսելու համար»,- ասել է քաղաքագետը:

Սակայն, ըստ Մարգարյանի՝ Թրամփի օրոք մարդիկ տնտեսապես ավելի լավ են ապրել, քան Բայդենի նախագահության տարիներին:

«Այն երկրներում, որտեղ Թրամփին վտանգավոր են համարում, իրենք չեն ընտրում Թրամփին կամ ԱՄՆ նախագահին: ԱՄՆ նախագահին ընտրում է ԱՄՆ ժողովուրդը, որի համար այդ հարցերը երկրորդական են գուցե: Առաջնահերթը տնտեսական խնդիրներն են, որ խոշոր դերակատարություն ունեցան Թրամփի ընտրության հարցում: Գիտեմ շատերին, որ Թրամփին ձայն են տվել՝ հաշվի առնելով տնտեսական գործոնը: Կա հստակ ու անհերքելի փաստ, որ Թրամփի օրոք մարդիկ տնտեսապես ավելի բարվոք պայմաններում են ապրել, քան Բայդենի 4-ամյա ժամանակաշրջանում՝ սկսած բենզինի գնի բարձրացումից, գնաճ, տարբեր տեսակի խնդիրներ:

Դրանք պատճառ են դարձել, որ քվեարկողների մի մեծ մասը գնա ու ընտրի Թրամփին՝ առանց գաղափարական հարցեր նկատի առնելու»,- նշել է Ռոբերտ Մարգարյանը:

Մեր զրուցակիցը նաև նշում է, որ ԱՄՆ ժողովուրդն ավանդապաշտ է ու, օրինակ, իրենց համար լրջագույն խնդիրներից է նաև հղիության արհեստական ընդհատումը։

«Դրանց կողքին կան նաև սոցիալական, հասարակական որոշ խնդիրներ: Ամեն դեպքում, ԱՄՆ-ն միայն Կալիֆորնիան կամ Լոս Անջելեսը չէ, ԱՄՆ-ը հսկա տարածք է, ամենատարբեր մոտեցումներով մարդիկ են այնտեղ ապրում ու, ի դեպ, չափազանց ավանդապաշտ, որոնց համար ասենք ԼԳԲՏ համայնքի իրավունքները, աբորտը լուրջ խնդիրներ են»,- եզրափակել է Ռոբերտ Մարգարյանը: