Թրամփի վարչակազմում պետք է լինեն հայամետ գործիչներ. Եղիսաբեթ Չուլջյան
30 Հունվարի 2025, 23:30
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նպատակն այն է, որ Թրամփի վարչակազմում լինեն հայամետ գործիչներ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ANCA հասարակության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը:
«Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նպատակն այն է, որ գործադիր վարչակազմը, Թրամփի վարչակազմն ունենան գործիչներ, որոնք Հայաստանի և Արցախի հարցերը կհասկանան, և իրենց հստակ դիրքորոշումը կհայտնեն այդ խնդրի վերաբերյալ: Նմանատիպ գործիչների թվում են Ռոբերտ Քենեդի կրտսերը և Թուլսի Գաբարդը: Թուլսի Գաբարդը որպես կոնգրեսական, այցելել է Արցախ, եղել է Ստեփանակերտում, Շուշիում, և իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին: Ռոբերտ Քենեդին ևս ընտրապայքարի ընթացքում Արցախի և արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ շատ հստակ արտահայտել է իր տեսակետը»,- նշել է Չուլջյանը:
Նրա խոսքով՝ արցախցիներն իրենց տուն կարող են վերադառնալ միայն միջազգային կառավարությունների անվտանգային հստակ երաշխիքների դեպքում:
«Արցախի ցեղասպանության դեպքում չունենք 1,5 մլն զոհեր, ինչպես ունեինք 1915 թ-ի ցեղասպանության դեպքում, բայց Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության պատճառով 150.000 հայորդիներ այսօր հեռացել են Արցախից: Թեև նրանք կարող են վերադառնալ հայրենիք, բայց դա կարող է լինել միայն միջազգային կառավարությունների անվտանգային հստակ երաշխիքների դեպքում: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շարունակում է կոչ անել աջակցել այս երկու թեկնածուներին՝ Հայաստանի և Արցախի հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներով պայմանավորված: Կարևոր է, որ գործադիրում լինեն մարդիկ, որոնք հասկանում են ՀՀ-ի և Արցախի հարցերը»,- եզրափակել է Չուլջյանը: