ԱՄՆ-ում թույլատրել են անօրինական միգրանտներին արտաքսել առանց դատարանի որոշման
22 Հունվարի 2025, 15:40
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն ընդլայնել է ամերիկացի իրավապահների լիազորությունները՝ թույլ տալով նրանց արտաքսել անօրինական միգրանտներին այսպես կոչված արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց դատարանի որոշման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այդ փոփոխության արդյունքը կդառնա ազգային և հասարակական անվտանգության ամրապնդումը՝ միաժամանակ կրճատելով պետական ծախսերը ՝ նպաստելով ներգաղթի մասին որոշումների օպերատիվ ընդունմանը», — ասվում է գերատեսչության կանոնակարգում, որը հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հաջորդ օրը։
Ինչպես պարզաբանում է The New York Times-ը, նախկինում արտաքսման արագացված ընթացակարգը կիրառվում էր հիմնականում հարավային նահանգներում, որոնք բախվում են անօրինական ներգաղթյալների մեծ հոսքի։ Այժմ դա կարող է կիրառվել ԱՄՆ ամբողջ տարածքում: