Թրամփի ընտրվելու դեպքում Հայաստանը հայտնվելու է թակարդում․ Դավիթ Հարությունյան 

24 Հուլիսի 2024, 22:30

Քաղաքականություն

Ինչ-որ մասնավոր կազմակերպություններ հարցումներ են կազմակերպում ու ասում՝ դեմոկրատները հաղթելու են ընտրություններում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ֆինանսիստ Դավիթ Հարությունյանը։  

«Մինչ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի՝ որպես թեկնածու ներկայանալը, բոլոր հարցումներով ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մի քիչ գերազանցում էր վերջին շրջանում։ Ու դեմոկրատներին, ըստ իս, տրամպլին էր պետք ու հիմա ինչ-որ մասնավոր կազմակերոպություններով հարցումներ են անում, որով ասում են՝ այսքան տոկոսն է աջակցում դեմոկրատներին և մարդկանց տրամադրում են, որ դեմոկրատները կհաղթեն ընտրություններում»,- ասել է Հարությունյանը։  

Մեր զրուցակցի խոսքով՝ հանրապետականների ընտրվելու դեպքում Հայաստանն ավելի մեծ թակարդի մեջ  է հայտնվելու։  

«Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն անընդհատ գցում է  թակարդի մեջ, էլ ավելի է խորացնում ու բարդացնում իրավիճակը։ Նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են լինելու։ Եթե ընտրվեն հանրապետականները Թրամփի գլխավորությամբ, իմ կարծիքով՝ ամբողջ հույսը, պլանները, պայմանավորվածությունները, որ Հայաստանը որպես պետություն ունի ԱՄՆ-ի հետ, ամբողջովին խաչ է քաշվելու ու ասելու են՝ եկեք, նորից հասկանանք, թե ինչ եք ուզում։ Հանրապետականների ընտրվելու դեպքում ամբողջ տարածաշրջանի ու միգուցե նաև Երկիր մոլորակի հետ կապված ԱՄՆ քաղաքականությունը փոխվելու է։   

ԱՄՆ-ն ինստիտուցիոնալ պետություն է, որոշ գլխավոր հարցերում ունի մի ուղղություն, շարժվում է այդ ուղղությամբ, բայց տարածաշրջանային հարցերում հանրապետականների ու դեմոկրատների կարծիքները տարբերվում են։ Բացի դրանից՝ փոխվելու է նաև Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը ու Հայաստանը հայտնվելու է թակարդում, եթե ընտրվեն  հանրապետականները»,- եզրափակել է մեր զրուցակիցը։

Հիմա եթերում