Թրամփին դա պետք է իր հեղինակության համար. Պավել Դուբրավսկին՝ Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման մասին

06 Օգոստոսի 2025, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղտեխնոլոգ, «Դուբրավսկի Քոնսալթինգ»-ի ղեկավար Պավել Դուբրավսկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ կարելի է ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից:

Փորձագետի կարծիքով՝ սա Ադրբեջանի և Հայաստանի համար ԱՄՆ-ի աջակցությունը ստանալու փորձ է, իսկ Թրամփի համար հեղինակության հարց։

«Առաջին հերթին ես այդ հանդիպումը կդիտարկեի Հայաստանի համար փորձ՝ դուրս գալու նոր ուղեծիր, նոր ազդեցության ոլորտ, ավելի կոնկրետ՝ ամերիկյան։ Որովհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այսօր բոլորովին այլ բնույթ են կրում, և Հայաստանը փորձում է հեռանալ ռուսական ազդեցությունից։ Եվ, հավանաբար, կքննարկվեն Ադրբեջանի հետ հարաբերությունները, և այստեղ ի՞նչն է ձեռնտու, այն, որ երկու երկրները կարող են ստանալ Դոնալդ Թրամփի ուշադրությունն ու աջակցությունը: Եվ այդ դեպքում Թրամփը կկարողանա հրապարակայնորեն հայտարարել, որ հաշտեցրել է ևս երկու երկիր, լուծել է ևս մեկ հակամարտություն և, այնուամենայնիվ, կկարողանա հավակնել Նոբելյան մրցանակի։

Ինձ թվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի համար սա Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը ստանալու փորձ է, իսկ ԱՄՆ-ի համար առաջին հերթին հեղինակության և միջազգային հարց, որը Թրամփը «կվաճառի» իր լսարանին և իր ընտրողներին, քանի որ հիշեցնեմ, որ Հանրապետական կուսակցությունը հաջորդ տարի շատ կարևոր ընտրություններ է ունենալու», — եզրափակել է Դուբրավսկին: