Դեմոկրատները ասում էին՝ Թրամփը սպառնալիք է ժողովրդավարության դեմ, նրա դեմ մահափորձն անսպասելի չէր. Ալեքս Բալեկյան
15 Հուլիսի 2024, 21:57
Նախագահ Թրամփի թիկնապահները չե՞ն մտածել՝ ապահովել մոտակա շենքի տարածքի անվտանգությունը, որ մահափորձ տեղի չունենար: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ԱՄՆ կոնգրեսականի թեկնածու, հանրապետական Ալեքս Բալեկյանը.
«Թրամփի հետ կատարվածն անսպասելի չէր: Դեմոկրատները նախագահ Թրամփին անընդհատ համեմատում էին Հիտլերի հետ, որովհետև ասում էին սպառնալիք է ժողովրդավարության դեմ:
Ստացվող տեղեկությունները թերի են, որ կարողանանք ինչ-որ վերլուծություն անել, բայց, անշուշտ, գիտենք, որ Թրամփի վրա կրակող երիտասարդը հանրահավաքի մասնակիցների մեջ չի եղել, նա մոտիկ շենքի տանիքի վրա է եղել: Բայց ինչպե՞ս: Նախագահ Թրամփի թիկնապահները չե՞ն մտածել՝ ապահովել մոտակա շենքի տարածքի անվտանգությունը, որ այսպիսի բան տեղի չունենար»,- նկատել է Բալեկյանը:
Նրա խոսքով՝ գոնե հիմա Թրամփի թիկնապահներն ավելի զգոն պիտի լինեն, որ նախագահի թեկնածուի կյանքին այլևս վտանգ չսպառնա։
«Չեմ կարող ասել՝ նա մենակ է գործել, թե ոչ, քանի որ տեղեկությունները քիչ են: Հուսամ՝ Թրամփի դեմ մահափորձը դիտավորյալ չէր, բայց մինչև նոր տեղեկություններ ստանալն, այլ պատասխան չեմ կարող տալ:
Շուտով պիտի անեն համապետական հանրահավաք, կարծում եմ, որ Թրամփի թիկնապահները պիտի ավելի ջանք թափեն, որ ապահովեն նրա կյանքը: Հուսամ՝ մեկ ուրիշի մոտ էլի նման գաղափար չի առաջանա ու չի փորձի Թրամփին սպանել»,- ասել է Ալեքս Բալեկյանը: