Թրամփն այժմ թակարդում է. Պավել Դանիլին

17 Մարտի 2025, 22:15

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Պավել Դանիլինը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները, ինչպես նաև նշել, թե ինչպես կարող է Սպիտակ տան ներկայիս վարչակազմն ազդել Հարավային Կովկասում քաղաքական գործընթացների վրա։

«Թրամփն այժմ հասկանում է, որ ինքը հայտնվել է տհաճ իրավիճակում, ըստ էության, թակարդում: Այսինքն՝ ռուսական կողմը նրան ասում է, որ համաձայն ենք, բայց եկեք մեր հարցերին պատասխանեք, իսկ պատասխանելու բան չկա։ Եվ հիմա Ուիթկոֆը (Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆ) վերադարձել է Սպիտակ տուն: Մենք սպասում ենք, որ նա խոսի Թրամփի հետ և նրան փոխանցի մեր բոլոր օրինական մտահոգություններն ու պահանջները։

Թրամփի վերաբերյալ բարդ է կանխատեսումներ անելը: Նա մի կողմից հասկանում է, որ խոսքը բանակցային գործընթացի մասին է, անհրաժեշտ է, որ գործարքի երկու կողմերն էլ ունակ լինեն լուրջ բանակցելու։ Մյուս կողմից, նա հայտարարություններ արեց, որոնք պահանջում են արդյունքներ ցույց տալ։ Եվ այսպես, եթե Ուկրաինայի հետ նա արտաքնապես կարող է ցույց տալ այդ արդյունքը, ապա Ռուսաստանի հետ չի կարող։ Եվ այստեղ նա երկընտրանքի առջև է:

Այսինքն՝ նա հասկանում է, որ ինչպես ուկրաինական կողմն, այնպես էլ ֆրանսիացիները, գերմանացիները, բրիտանացիները, որոնք իրենց թիկունքում կանգնած են և մղում են պատերազմի, նրանք ի վիճակի չեն համաձայնության գալ, գործարքի լուրջ կողմ չեն, արդեն մի քանի անգամ խախտել են պայմանավորվածությունները»,- ասել է քաղաքագետը։

Վերլուծելով Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի և Հայաստանի հետ՝ փորձագետը եկել է այն եզրահանգման, որ Մոսկվայի հետ բարեկամական հարաբերությունները ձեռնտու են Անդրկովկասի հանրապետություններին, իսկ առճակատումը միայն վնասակար է։

«Դեմոկրատների օրոք, իհարկե, իրավիճակը Կովկասում անընդհատ, հետևողականորեն վատանում էր։ Փորձեցին Վրաստանին ներքաշել հակամարտության մեջ, Հայաստանը պոկեցին Ռուսաստանից, և դա, իհարկե, Կովկասի անվտանգությանը ձեռնտու չէր։ Հիմա Հայաստանը, սկզբունքորեն, մաքսիմալ հեռավորության դիրք է գրավում թե՛ Ռուսաստանից, թե՛ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն ինստիտուտներից, և դա նույնպես չի նպաստում Կովկասի անվտանգությանը, այդ թվում՝ Հայաստանի անվտանգությանը։

Վրաստանն, ընդհակառակը, ի տարբերություն Հայաստանի, ընտրեց Ռուսաստանի հետ նվազագույն առճակատման ճանապարհը և այդպիսով ապահովեց ներդրումներ, զբոսաշրջիկների հոսք և զարգացման տնտեսական խթան»,- ընդգծել է Դանիլինը։

Անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին շրջանում ագրեսիվ պահվածքին՝ քաղաքագետն այն որակել է որպես անպատկառ՝ նկատելով, որ դրա պատասխանը լինելու է, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի:

«Կարծում եմ, որ մենք տեսնում ենք բազմակողմանի միտումներ Կովկասի, Անդրկովկասի տարածքում։ Այստեղ խոսքը Ռուսաստանի Դաշնության դեմ ուժեղացող հակազդեցության մասին է Ադրբեջանի կողմից, որը վերջին շրջանում իրեն չափազանց սադրիչ է պահում ։ Բայց Ռուսաստանի ձեռքերը կապված են: Ուստի միակ բանը, որ մենք կարող ենք անել, դա Ալիևի հուշարձանը կանգնեցնելն է՝ ի պատասխան ադրբեջանցիների ոչ բարեկամական ժեստերի։ Բայց մի կարծեք, թե Ռուսաստանը մոռացել է այս ամենը: Ռուսաստանը հիշում է ամեն ինչ, ամեն ինչ արձանագրում է: Պարզապես մենք այս պահին Ադրբեջանի վրա որևէ հատուկ լծակ չունենք: Եվ ես իսկապես չեմ ուզում որևէ մեկի վրա ճնշում գործադրել, ինչպես որ ես առանձնապես չեմ ուզում խզել հարաբերությունները, բայց, ինչպես ասում են, գարունը կգա, և ամեն ինչ կհիշվի»,- նշել է նա։

Ամփոփելով հարցազրույցը՝ Պավել Դանիլինն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի շրջապատի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ընկերություն անելու ձգտմանը, սակայն թերահավատություն է հայտնել այդ նախաձեռնության հաջողության վերաբերյալ:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, հասկանում եք, մենք չենք կարող ստիպել հայերին սիրել ռուսներին։ Մենք չենք կարող ստիպել հայերին լինել ավելի հայ, քան իրենք՝ հայերը, ուստի, եթե հայերը ցանկանում են բարեկամ լինել թուրքերի հետ, ապա ինչու ոչ: Սա նույնիսկ վատ չէ: Ինչ-որ չափով նրանք կընկերանան, միգուցե, տեսեք, փոխադարձ պահանջներն ավելի քիչ լինեն։ Գուցե մոռացվեն հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները։ Թեև ես, իհարկե, շատ խիստ կասկածում եմ դրանում, այնպես, ինչպես Ադրբեջանի դեպքում»,- եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։