Թրամփն ի սկզբանե ասել է, որ ցանկանում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը․ Վլադիմիր Կորնիլով
20 Փետրվարի 2025, 22:30
Քաղաքագետ Վլադիմիր Կորնիլովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԵՄ-ԱՄՆ հարաբերությունների ճգնաժամին:
Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Եվրոպան ավելի կախյալ դարձնել Վաշինգտոնից։
«Դոնալդ Թրամփի և Եվրամիության միջև ճգնաժամը պայմանավորված է Թրամփի ցանկությամբ՝ Եվրոպան ավելի կախյալ դարձնել Ամերիկայի Միացյալ Նահանգներից և ստիպել նրան վճարել բոլոր այն ծառայությունների համար, որոնք մինչ այդ Ամերիկան մատուցում էր որպես Եվրամիության հովանավոր։ Այսինքն՝ այստեղ մասշտաբային, համալիր մոտեցում է, որն ընկած է Make America Great Again (MAGA) գաղափարախոսության հիմքում, որը Թրամփն ու նրա կողմնակիցները հռչակել են ընտրարշավի ընթացքում», — ասել է Կորնիլովը։
Քաղաքագետի խոսքով՝ Թրամփն ի սկզբանե ասել է, որ ցանկանում է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը, իսկ Եվրոպան այժմ փորձում է խոչընդոտել խաղաղ գործընթացին:
«Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա Թրամփն ի սկզբանե իր քարոզարշավի ընթացքում ազնվորեն և բացեիբաց ապացուցում էր, որ Ամերիկան կրում է այս պատերազմին աջակցելու հիմնական բեռը, որն Արևմուտքում ոչ ոքի պետք չէ, և ի սկզբանե զգուշացրել է Եվրոպային՝ եթե ցանկանում է, որ այս հակամարտությունը շարունակվի, ապա ինքը պետք է վճարի Զելենսկու (Ուկրաինայի նախագահ) և Կիևի ռեժիմի այս բոլոր «ցանկությունների» համար։
Դրա համար ես հիմա զարմացած եմ, որ Եվրոպայում, Արևմուտքում շատերի համար Թրամփի հայտարարությունները սենսացիա են դարձել։ Նա ի սկզբանե ուղիղ խոսում էր այն մասին, որ ցանկանում է վերջ դնել այդ հակամարտությանը։ Նա այս փուլում անում է այն, ինչ իր ուժերի սահմաններում է՝ կատարելով իր նախընտրական խոստումը։ Բայց Եվրոպան իսկապես փորձում է խոչընդոտել խաղաղ գործընթացին», — եզրափակել է Կորնիլովը։