Թրամփն իրեն Մեսիա է համարում․ Վիկտոր Լիտովկին

Ռազմական դիտորդ Վիկտոր Լիտովկինն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի գործողություններին Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և Իրանի տարածքի վրա հարվածներին։

«Իրանի շուրջ իրավիճակը բարդ է։ Դուք գիտեք, որ այնտեղ է մոտեցել շուրջ 40 ամերիկյան նավ, երկու միջուկային ավիակիր, որոնցից յուրաքանչյուրում կա 90 հարվածային ինքնաթիռ,ինչպես նաև 60–65 «Տոմահավկ» թևավոր հրթիռ։ Դա շատ ահեղ ուժ է։ Էլ չեմ խոսում սուզանավերի մասին, որոնք գտնվում են Իրանի ափերի մոտ։ Եվ սա սպառնալիք է Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության համար։ Ինչ վերաբերում է պատերազմի լինելու հարցին, ապա ցամաքային գործողություն, անշուշտ, չի լինի, քանի որ Թրամփը չի համարձակվի։ Բայց կարծում եմ, որ «Տոմահավկ» հրթիռով հարվածներն ու Իրանի ռմբակոծությունը հավանական են»,- նշել է Լիտովկինը։

Դիտորդի կարծիքով՝ Դոնալդ Թրամփը տարված է սեփական գերազանցության զգացումով, և նրա գործողությունները ենթարկվում են հենց այդ զգացողությանը։

«Նա ցանկանում է Իրանին զրկել հրթիռներ ստեղծելու և ուրանով հարստանալու հնարավորությունից, որպեսզի Իրանը միջուկային ռումբ չստեղծի։ Չնայած Իրանը միջուկային ռումբ չի ստեղծում՝ դա արգելվում է Իրանի Գերագույն առաջնորդի ֆաթվայով, որը պահպանվում է։ Ավելին, ՄԱԳԱՏԷ-ն էլ է դա հաստատում, ամերիկյան հետախուզությունն էլ է նույնը ասում։ Բայց նրան պետք է ցույց տալ, թե ով է տան տերը, ցույց տալ իր գերազանցությունը բոլորի նկատմամբ, այդ թվում՝ Իրանի նկատմամբ, ցույց տալ իր ուժը, որպեսզի բոլորը վախենան։ Ահա գլխավոր նպատակը, որի հիման վրա գործում է Թրամփը։ Եվ ոչ միայն Իրանը պետք է ենթարկվող լինի, այլև մյուս երկրները և կատարեն Միացյալ Նահանգների կամքը։ Քանի որ Թրամփը ինքն իրեն Մեսիա է համարում, նա իրեն համարում է Աստծո ժառանգորդը երկրի վրա։ Բոլորը պետք է ենթարկվեն իրեն, իսկ ովքեր չեն ենթարկվում՝ նրանց լավ բան չի սպասվում»,- եզրափակել է փորձագետը։