Թրամփն Ուկրաինան դիտարկում է որպես վնասաբեր քաղաքական ակտիվ և փնտրում է դրանից դուրս գալու ուղիներ. Իվան Տիմոֆեև
28 Հունվարի 2026, 23:30
Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի գլխավոր տնօրեն Իվան Տիմոֆեևը «Իրանի շուրջ միջազգային իրավիճակը. միտումներ և ռիսկեր» թեմայով քննարկման շրջանակներում Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի կնքման հավանականությունը, ինչպես նաև Եվրոպայի հարաբերությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ՝ Գրենլանդիայի վերաբերյալ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների համատեքստում։
«Ընթանում է բարդ դիվանագիտական և բանակցային գործընթաց։ Ռուս-ամերիկյան գծով այն բավականին վաղուց է սկսվել՝ շուտով կլրանա մեկ տարին, և դեռ այն ժամանակ մենք զգուշացնում էինք, որ արագ բեկումներ սպասել պետք չէ։ Այժմ՝ առավել ևս. հակամարտությունը շոշափում է ոչ միայն ռուս-ուկրաինական հարաբերությունները, այլև հարցերի ավելի լայն շրջանակ, և նույնիսկ երկկողմ հարթությունում այն չափազանց բարդ է։
Լավ է, որ երկխոսությունը շարունակվում է, բայց ես զգուշությամբ կվերաբերվեի չափազանց լավատեսական սպասումներին։ ԱՄՆ նախագահը պարբերաբար հայտարարում է, թե կողմերը «ուր որ է» կմոտենան պայմանավորվածություններին, սակայն մենք տեսնում ենք, որ դեռ շատ անելիք կա: Մեկ այլ կարևոր հարց է ծագում՝ հնարավոր գործարքի պարամետրերը, և ամենակարևորը՝ դրա իրագործելիությունն ու կայունությունը։ Հիշենք Մինսկի համաձայնագրերը՝ «Մինսկ-1», «Մինսկ-2». դրանք ստորագրվեցին, բայց ի վերջո սաբոտաժի ենթարկվեցին և չիրականացվեցին։ Հետևաբար, բանակցություններին պետք է հետևել ուշադիր և հասկանալ, որ իրականությունը բարդ է, իսկ այս հանգույցը քանդելը երկար ժամանակ կպահանջի»,-նշել է Տիմոֆեևը:
Փորձագետը մեկնաբանել է նաև Ուկրաինային աջակցելու հարցում Վաշինգտոնի դիրքորոշման հնարավոր փոփոխությունը՝ Գրենլանդիայի պատճառով ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև ստեղծված լարվածության ֆոնին։ Ըստ Տիմոֆեևի՝ Թրամփն Ուկրաինան դիտարկում է որպես վնասաբեր քաղաքական ակտիվ և փնտրում է դրանից դուրս գալու ճանապարհը։
«Մենք իսկապես տեսնում ենք վերջին տասնամյակների ընթացքում աննախադեպ բանավեճ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև. առանցքային դաշնակիցն, ըստ էության, հարցականի տակ է դնում մեկ այլ դաշնակցի տարածքային պատկանելությունը։ Թեև Գրենլանդիայի թեման նախկինում էլ էր բարձրացվել, այժմ այն բոլորովին այլ քաղաքական հնչեղություն է ստացել և լուրջ հիասթափություն է առաջացրել Եվրամիությունում։
Բացի այդ, Դոնալդ Թրամփն Ուկրաինայի հարցում ունի հատուկ մոտեցում։ Եթե նախկինում աջակցությունն ընկալվում էր որպես ինքնստինքյան հասկանալի երևույթ, ապա այժմ հնչում է հետևյալ տրամաբանությունը. «դուք պայքարում եք, ուրեմն պետք է փոխհատուցեք մեր օգնությունը»։ Կիևի ռազմատեխնիկական աջակցությունը շարունակվում է, սակայն քաղաքական շեշտադրումները նկատելիորեն փոխվել են»,- նշել է նա։
Ըստ փորձագետի՝ Ռուսաստանի նկատմամբ եվրոպական երկրների քաղաքականության վերանայումն առայժմ քիչ հավանական է։
«Եվրամիությունը նման է մի հսկա նավի, որի ընթացքը կտրուկ շրջելը դժվար է։ Հակառուսական կուրսը դարձել է նրա ներքաղաքական տրամաբանության մաս։
Վաշինգտոնի մանևրը անակնկալ էր Բրյուսելի համար, հատկապես այն ֆոնին, որ Դանիայի պես երկրները եղել են ատլանտյան գծի և Ուկրաինայի աջակցության ամենահետևողական կողմնակիցներից։
Հիմա Եվրամիությունը հայտնվել է բարդ իրավիճակում. մի կողմից կորսված է ռուսական շուկան և կրճատվել են էներգակիրների մատակարարումները, մյուս կողմից՝ աճում է կախվածությունը առանցքային դաշնակցից, որն առաջադրում է գնալով ավելի կոշտ պայմաններ։
Սա արդեն, մեծ հաշվով, իրենց սեփական խնդիրն է, և նրանք ստիպված կլինեն այն լուծել ինքնուրույն»,- եզրափակել է Տիմոֆեևը: