Թրամփը հսկայական վնաս է հասցրել նույնիսկ իր դաշնակիցներին. Վիկտոր Բարանեց
16 Մարտի 2026, 12:30
Ռազմական փորձագետ Վիկտոր Բարանեցը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքի հակամարտության կողմերի ռազմական ներուժը և այն, թե որքան կարող է տևել Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմը։
«Ի՞նչ են ասում հենց իրենք՝ իրանցիները։ Եթե հաշվի առնենք նրանց հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ողջ քանակը, նրանք ասում են, որ նույնիսկ մարտական գործողությունների ամենաբարձր ինտենսիվության դեպքում դա իրենց կբավականացնի մեկուկես ամիս։ Նրանք Նահանգներին հիմարի տեղ են դնում։ Իրանն այսօր ունի հրթիռների և անօդաչուների հսկայական պաշարներ։ Պատերազմի մոտ երկու շաբաթվա ընթացքում նրանք ծախսել են իրենց ողջ ռազմավարական պաշարների մոտ մեկ երրորդը, և դեռ ունեն պայքարելու համար։
Ամերիկացիներն ունեն շատ ավելի լուրջ խնդիրներ, որովհետև պատերազմի երկու շաբաթվա ընթացքում նրանք անօդաչուների ուղղությամբ արձակել են մոտ 3000 արկ հենց նույն Patriot-ներից, կրակել են իրանական հրթիռների վրա, մինչդեռ ամերիկյան պաշտպանական արդյունաբերության արտադրողականությունը տարեկան 600 հրթիռ է։ Դե հաշվեք՝ ամերիկացիներն արդեն կրակել են այդ հրթիռների հինգ տարվա նորման։ Բացարձակապես նույն պատկերն է նաև Tomahawk-երի դեպքում, ճիշտ է՝ դրանցով այդքան շռայլ չեն կրակել, քանի որ հրթիռներն այնքան էլ շատ չեն, օրինակ՝ դրանք կարելի է օգտագործել ատոմային սուզանավերից։ Այդուհանդերձ, նրանք մեծ կորուստներ են կրել։
Եվ եթե գնահատենք զինանոցների հարաբերակցությունը, ապա, ինչ էլ որ ասենք, ամերիկացիներն, օրինակ, տեսնելով, որ իրենց չեն հերիքում Patriot հրթիռները, «փոշեկուլով» հավաքում են աշխարհի բոլոր այն երկրներից, որտեղ ինչ-որ մեկը կարող է տալ մեկ, երկու կամ երեք հրթիռ։ Նրանք վերցնում են նույնիսկ Էստոնիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Լեհաստանից։ Գերմանացիները տվել են երկու հրթիռ և սարսափելի հպարտանում են դրանով։
Այսպիսով, ընդհանուր առմամբ գնահատելով ռազմական ներուժը, թեկուզ միայն հրթիռային, կարելի է ասել, որ նույնիսկ պատերազմի ներկայիս ինտենսիվության պայմաններում վստահաբար կարող եմ ասել, որ կողմերին դա կհերիքի առնվազն երեք ամիս»,-կարծում է փորձագետը:
Alpha News-ի զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսում կա հակազդեցություն պատերազմին, և քաղաքական իրավիճակը Թրամփի համար կարող է տխուր ավարտ ունենալ։
«Կարող եմ ձեզ ասել, որ պատերազմը կարող է ավարտվել մի քանի օրից, եթե Դոնալդ Թրամփը որոշի հաշվի առնել այն կոշտ պայմանները, որոնք Թեհրանն առաջարկում է բանակցությունների համար։ Այո՛, շատ կոշտ պայմաններ։ Բայց խնդիրն այն է, որ ԱՄՆ Կոնգրեսը Թրամփից պահանջում է դադարեցնել պատերազմը։ Արդեն իմփիչմենթով են սպառնում նրան, մերձավորարևելյան երկրները լաց են լինում, ողբում, շատ երկրներ զրկվել են նավթից, որը թանկացել է, հսկայական ծախսեր են կատարվում։ Այդ տնտեսական վնասը Թրամփը հասցրել է նույնիսկ իր դաշնակիցներին։
Եթե նա խելքի գա, կարող է պատերազմը կասեցնել նույնիսկ մեկ շաբաթից։ Եթե մարտական գործողությունները շարունակվեն նույն տեմպերով, ապա առնվազն երեք ամիս կընթանա ինտենսիվ պատերազմ, մինչև թե՛ ամերիկա-իսրայելական, թե՛ իրանական կողմի հագեցվածության մակարդակն ավելի ու ավելի նվազի, և կողմերը սկսեն խնայել զինամթերքը, ինչը նշանակում է, որ մարտական գործողությունների ինտենսիվությունը կդառնա դանդաղ ընթացող»,-ընդգծել է Բարանեցը։
Նա նաև նշել է, որ Իրանի դաշնակիցները նրան մենակ չեն թողնի ամերիկա-իսրայելական կոալիցիայի դեմ, և դա ի վերջո Թրամփին կդարձնի ավելի զիջող Մերձավոր Արևելքում խաղաղության հարցում։
«Եվ վերջապես, ես չեմ բացառում, որ Իրանը կունենա շատ կամ մի քանի ռազմական դաշնակիցներ, որոնք Իրանին կմատակարարեն սպառազինություն և զինամթերք։ Դրանց թվում են և՛ Չինաստանը, և՛ Ռուսաստանը, և՛ Հյուսիսային Կորեան։ Վերջինս այնտեղ հսկայական պաշարներ ունի, նա համակրում է Իրանին, և այդ դեպքում պատերազմը կշարունակվի ավելի քան մեկ տարի․ այն կլինի երկարատև ու դանդաղ ընթացող, մինչև, հնարավոր է, Թրամփին իմպիչմենտ հայտարարեն, գուցե նույնիսկ դատեն։ Ի վերջո, ամեն ինչ կավարտվի բանակցություններով»,-եզրափակել է փորձագետը։