Թրամփը կճնշի և կստիպի համաձայնել, որ Ռուսաստանը հաղթել է պատերազմում․ Անդրեյ Պերլա
10 Դեկտեմբերի 2025, 22:35
Քաղաքական մեկնաբան Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին։
Փորձագետի խոսքով՝ Թրամփը հստակ հասկանում է, որ խոսքը հենց պատերազմում ռուսական հաղթանակի մասին է, որ ուժը Ռուսաստանի կողմն է։
«Իհարկե, ես կարող եմ չափազանց լավատես թվալ, բայց հիմա կարծում եմ, որ Թրամփը աստիճանաբար կճնշի՝ ընդ որում ոչ միայն ուկրաինական ղեկավարությանը, այլև իր եվրոպական այսպես կոչված դաշնակիցներին՝ ստիպելով նրանց համաձայնել, որ Ռուսաստանը հաղթել է պատերազմում։ Թրամփը հստակ հասկանում է, որ խոսքը հենց պատերազմում Ռուսաստանի հաղթանակի մասին է, որ ուժը մեր կողմում է, հասկանում է, որ որպես ԱՄՆ նախագահ իր համար շատ ավելի ձեռնտու է համագործակցել Ռուսաստանի հետ՝ որպես հավասարազոր տնտեսական գործընկեր, քան շարունակել թշնամանալ Ուկրաինայի բացարձակապես անորոշ, և դա դեռ շատ մեղմ է ասված, ապագայի հետ։
Նա կհասնի իր նպատակին, եթե համարենք, որ նրա նպատակը Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումն է և Ռուսաստանի հետ որոշակի նորմալ հարաբերությունների հաստատումը։ Բայց պետք է հասկանալ, որ որքան հեռու է Թրամփը շարժվում այդ նպատակին հասնելու ճանապարհով, այնքան խորն է պառակտումը, այնքան ուժեղ է հակասությունը Թրամփի և նրա եվրոպական դաշնակիցների միջև»,- ասել է Պերլան։
Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանի համար ռազմական գործողությունների հաղթական ավարտի հետևանքը կլինի ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև հակասությունը։
«Հենց այսօր Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ ԱՄՆ-ն արդեն պատերազմ է հայտարարել Եվրոպային, և այն, ինչ ԱՄՆ-ը ցանկանում է Եվրոպայից, բացարձակապես անընդունելի է Եվրոպայի համար։ Եվ այդ անընդունելի դիրքորոշումը, Բորելի կարծիքով, պետք է առաջացնի Եվրոպայի, ԵՄ-ի հավաքական պատասխանը, այլ ոչ թե կոնկրետ երկրների ինքնիշխանության մասին խոսակցությունները։ Իսկ Թրամփին պետք է համագործակցություն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և այլ առանձին երկրների հետ,ԵՄ-ն էլ ուզում է միասնական լինել։ Ահա այս հակասությունն ապագայի հակասությունն է, և դա այն է, ինչը կդառնա Ռուսաստանի համար ռազմական գործողությունների հաղթական ավարտի գլխավոր հետևանքը»,- եզրափակել է Պերլան։