Թրամփը կհաղթի, եթե նրան չսպանեն․ Ռաֆայել Օրդուխանյան

04 Նոյեմբերի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Ռաֆայել Օրդուխանյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին:

«Կհաղթի Թրամփը (Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու), եթե նրան չսպանեն։ Երկրորդ կետը շատ կարևոր է, կարծում եմ, որ կլինի աննախադեպ մանիպուլյացիա և քվեաթերթիկներով կեղծիքներ, ինչպես դա եղավ 2020 թվականին։ Այնպես որ, այստեղ երկու կետ կա՝ դա Թրամփի ֆիզիկական վերացումն է և ձայների կեղծումը։ Եթե այս սցենարներից գոնե մեկը հաջող անցնի, ապա Թրամփի ճակատագիրն աննախանձելի է, և նա կկրկնի 2020 թվականի ճակատագիրը։

Հարկ է հիշեցնել, որ ամերիկացիները ոչ մի օտարերկրյա դիտորդի թույլ չեն տալիս մասնակցել իրենց ընտրություններին։

Ընտրություններից հետո, իհարկե, սոցիալական բռնության աճ կլինի, քանի որ արդյունքները մոտավորապես կիսով չափ կլինեն։ Երբ հաղթի Թրամփը, բոլորը կխոսեն այն մասին, որ դա, անշուշտ, Մոսկվայի ձեռքի գործն է, և որ չի կարող լինել, որ առանց Ռուսաստանի օգնության Թրամփը հաղթի», — ասաց Օրդուխանյանը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում իշխանափոխության արդյունքում արտաքին քաղաքականության փոփոխություններին, ապա փորձագետի խոսքով՝ Թրամփի գալով Ռուսաստանը շատ հարցեր կլուծի:

«Թրամփը շեշտը կդնի Չինաստանի վրա։ Իսկ ամենակարևորն այն է, որ Թրամփը շատ հստակ բացատրեց՝ նորմալ լեզվով թարգմանելով, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կվաճառի Ուկրաինային։ Ինչպե՞ս: Պարզապես կդադարի զենք մատակարարել, դա կվճարի Եվրոպային։ Թրամփի հետ, կարծում եմ, մենք (Ռուսաստանը) շատ հարցեր կլուծենք։ Եթե վերանա ռուսատյացությունը, դա նշանակում է, որ մուտքն ու ելքը կհեշտանա, ֆինանսական թուլացում կլինի, մշակութային կապերը կվերականգնվեն, ինչ-որ չափով կվերականգնվեն նաև ավիացիոն հաղորդակցությունները», — նշեց Օրդուխանյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ հետխորհրդային տարածքի երկրները, որոնք ձգտում են դեպի Եվրամիություն, չեն հասկանում, թե ինչ գին պետք է վճարել դրա համար:

«Ինչ վերաբերում է հայկական արտաքին քաղաքականությանը, ապա ես այն համարում եմ դավաճանական, վնասակար։ Սա քաղաքականություն է, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Թուրքիայի, Ադրբեջանի գործոնն այստեղ կգերիշխի, և ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս Ռուսաստանն այնտեղից դուրս կբերի իր զորքերը և կհեռացնի բազան, որովհետև նման ոչ բարեկամական իրավիճակում, որը դրսևորում է Փաշինյանի ղեկավարությունը (Հայաստանի վարչապետը), դրա կարիքը չկա, և դրա հետ այստեղ (Մոսկվայում) այլևս ոչ ոք չի համակերպվի։ Թե ինչպես հետո Հայաստանը կվարի իր քաղաքականությունը և ինչպես կգործի, դա արդեն Հայաստանի ղեկավարության գործն է։

Ինձ թվում է՝ այն երկրները, հետխորհրդային տարածքի հանրապետությունները, որոնք ձգտում են դեպի Եվրամիություն կամ այլ տեղ, այնքան էլ չեն հասկանում, թե ուր են ձգտում։ Նրանք բոլորովին չեն հասկանում, թե ինչ գին է պետք վճարել դրա համար։ Ահա Վրաստանը դա վերջին պահին հասկացավ։ Հայաստանում իրավիճակը կզարգանա այնպես, ինչպես Հայաստանն ի վիճակի կլինի պաշտպանել իր շահերը։ Սա Սյունիքի միջանցքի և տարածքային հարցեր են, որոնք մինչև հիմա լուծված չեն։ Մենք ինքներս տեսնում ենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները միայն ավելանում են։ Իսկ դա բխում է նրանից, որ Հայաստանը որոշել է քաղաքականապես վերակողմնորոշվել դեպի մյուս կողմը», — եզրափակեց Օրդուխանյանը։

Հարցազրույցի ընթացքում փորձագետը մեկնաբանել է նաև Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը և թյուրքական պետությունների առաջիկա գագաթնաժողովը: