Թրամփը ներում է շնորհել Բաքվից կաշառք ստանալու մեջ մեղադրվող կոնգրեսականին
04 Դեկտեմբերի 2025, 14:30
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կոռումպացված կոնգրեսական Հենրի Կուելյարին ներում շնորհելը, որին 2024 թվականին մեղադրել էին ադրբեջանցիներից գրեթե 600 հազար դոլարի կաշառք ստանալու մեջ՝ Կոնգրեսում Ադրբեջանի շահերը առաջ տանելու համար՝ ի վնաս ամերիկահայերի սահմանադրական իրավունքների։
«Թրամփի կողմից կոնգրեսական Կուելյային ներում շնորհելը ինդուլգենցիա է օտարերկրյա կաշառքների համար, Սպիտակ տան տանիքին բիլբորդ, որն ամբողջ աշխարհին հայտարարում է, որ Վաշինգտոնում գործում է «վճարիր և խաղա» սկզբունքը։
Ամերիկացի առաջնորդն անտեսել է արդարադատության նախարարության մեղադրական եզրակացության մեջ ներկայացված ապացույցները, որոնցում փաստագրված են Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից Կուելյարին բազմամյա կաշառքների փաստերը՝ օրենսդրական արտոնությունների դիմաց:
ANCA-ն շարունակում է կոչ անել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին զրկել Կուելյարին մանդատից, դատապարտել Ադրբեջանի լկտի միջամտությունը ամերիկյան ժողովրդավարությանը և օրենսդրորեն կանխել Իլհամ Ալիևի կոռումպացված ռեժիմի կողմից ԱՄՆ արտաքին քաղաքականությունն իր օգտին շահարկելու փորձերը»,- ասված է հայտարարությունում։