Թրամփը պարզապես ցանկանում է Նոբելյան մրցանակ ստանալ. Եվգենի Բուժինսկի
05 Օգոստոսի 2025, 21:30
Պահեստազորի գեներալ-լեյտենանտ, Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի կիրառական քաղաքա-ռազմական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Եվգենի Բուժինսկին անդրադարձել է ԱՄՆ-ում կայանալիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, ինչպես նաև Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի շանսերին:
«Թրամփը, հավանաբար, կարծում է, որ պետք է լուծել հերթական հակամարտությունը, նա ամբողջ աշխարհում կկարգավորի հակամարտությունները, երևում է, որոշել է, որ այստեղ էլ պետք է Նոբելյան մրցանակ ստանա։ Ուստի, որքան շատ հակամարտություններ, որոնք նա կկարգավորի, այնքան, հավանաբար, ավելի շատ Նոբելյան մրցանակներ կստանա», — ասել է Բուժինսկին։
Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը Արևմուտքի հետ բարեկամություն է փնտրում։
«Անդրկովկասի նկատմամբ հետաքրքրություն ունեն բոլորը։ Ե՛վ մենք հետաքրքրություն ունենք Անդրկովկասում, և՛ ամերիկացիները, և՛ թուրքերը, և՛ անգլիացիները։ Իսկ ԱՄՆ-ը շահեր ունի ամենուր՝ աշխարհի ցանկացած կետում։ Ես չգիտեմ, թե նրանք ինչ կարող են ստանալ Հայաստանից, բայց ահա Հայաստանի վարչապետը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, նա, հավանաբար, մեր բազան էլ է ուզում վերացնել, և կլինի ամերիկյան բազա։ Բայց կարծում եմ, որ ԵՄ մտնելու շանս Հայաստանը չունի, բայց թող փորձի: Պետք է հասկանալ, որ ինքն է (Փաշինյանը) գնում Ուկրաինայի ճանապարհով, և արդյունքը, կարծում եմ, կլինի ճիշտ նույնը, միայն առանց մեզ», — ասել է նա:
Փորձագետի խոսքով՝ անհնար է միաժամանակ լինել Եվրամիությունում և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։
«Դա բացարձակապես անհնար է, քանի որ դրանք իրարամերժ տարբերակներ են։ Դա ուկրաինական տարբերակն է, նրանք նույնպես պատրաստվում էին ստորագրել ասոցացումը և միաժամանակ լինել Մաքսային միությունում, բայց դա չստացվեց», — եզրափակել է Բուժինսկին։