Թրամփը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա․ Մալեկ Դուդակով

23 Հոկտեմբերի 2025, 23:30

Կարծիք | Քաղաքականություն

Ամերիկացի քաղաքագետ Մալեկ Դուդակովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման չեղարկումը:

Փորձագետի խոսքով՝ Թրամփի համար սա փորձ է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, ստուգել, թե արդյոք կան պատժամիջոցներ, որոնք կարող են խնդիրներ ստեղծել երկրի տնտեսության և արտահանման համար:

«Թրամփն իսկապես հետաձգել է Բուդապեշտում մեր նախագահի հետ նախատեսված հանդիպումը։ Ընդ որում, նա Ուկրաինային նոր սպառազինություն չի տրամադրել, այդ թվում՝ «Տոմահավկ» հեռահար հրթիռներ, ինչն, ամեն դեպքում, կարելի է դրական համարել։ Այնուամենայնիվ, նա երկրորդ կադենցիայում առաջին լուրջ պատժամիջոցները սահմանեց ռուսական էներգետիկ ընկերությունների, առաջին հերթին՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի դեմ։ Թրամփի համար սա փորձ է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, ստուգել՝ արդյոք կան պատժամիջոցներ, որոնք կարող են խնդիրներ ստեղծել երկրի տնտեսության և արտահանման համար։

Ակնհայտ է, որ Ռուսաստանը կկարողանա վերակառուցել լոգիստիկ հոսքերը, և այդ պատժամիջոցների ընդհանուր ազդեցությունը կսահմանափակվի։ Ինքը՝ Թրամփը, հայտարարում է՝ կցանկանար, որ պատժամիջոցները երկար չտևեին, որպեսզի բանակցային գործընթացի ակտիվացման դեպքում դրանք հնարավոր լիներ չեղարկել», — ասել է Դուդակովը։

Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանի դեմ Թրամփի պատժամիջոցների օրակարգը սահմանափակ էֆեկտով կավարտվի։

«Թրամփի գործողությունները բազմակողմանի բնույթ են կրում՝ Ռուսաստանի հետ բանակցային դիրքն ուժեղացնելու փորձ, ասիական երկրների հետ բանակցություններում դիրքի պահպանում, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը, որոնք ռուսական նավթի հիմնական գնորդներն են։ Սակայն մոտ ժամանակներս նրանց հետ լուրջ պայմանավորվածություններ ակնկալել դժվար թե հարկ լինի. հակասությունները շատ են, և ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Չինաստանը չեն պատրաստվում հրաժարվել ռուսական նավթի գնումներից։ Ընդհանուր առմամբ, Թրամփի պատժամիջոցների օրակարգն, ամենայն հավանականությամբ, կավարտվի սահմանափակ էֆեկտով, և վաղ թե ուշ նա ստիպված կլինի շտկել այն», — եզրափակել է Դուդակովը։