Թրամփը «թաղել է» ԱՄՆ-ին թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում․ Օլեգ Մակարենկո

Քաղաքագետ, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Օլեգ Մակարենկոն Alpha News-ի հետ զրույցում վերլուծել է տարածաշրջանային իրավիճակն՝ անդրադառնալով նաև Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ ապրիլի 7-ից 8-ի գիշերը Իրանին կործանարար հարված հասցնելու մտադրության վերաբերյալ։

«Կարծում եմ՝ միջուկային հարված պետք էր սպասել այն պահին, երբ ամերիկացիները, ինչպես Թրամփն էր ասում, Իրանի լեռներից դուրս էին բերում իրենց օդաչուին։ Եթե օդաչուն զոհվեր, ամերիկյան հասարակությունը պատրաստ կլիներ, որ ԱՄՆ-ը Իրանին հասցներ չափազանց ծանր, այդ թվում՝ միջուկային հարված։ Դա կլիներ անվերադարձ կետը։ Սակայն երբ հայտնի դարձավ, որ օդաչուն փրկվել է և գտնվում է ԱՄՆ-ում, միջուկային զենքի կիրառման վերաբերյալ բոլոր հարցերը ինքնաբերաբար վերացան։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, պարզապես ուժի ցուցադրում էր և անհաջող իրավիճակում ձևական ինքնավստահության դրսևորում», — նշել է փորձագետը։

Մակարենկոյի կարծիքով՝ ԱՄՆ-ն իր գործողություններով ցույց տվեց, որ ի վիճակի չէ լինել անվտանգության երաշխավոր այն երկրներում, որտեղ հայտարարում է իր շահերի մասին։

«Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել հայկական պետության վրա․ Թրամփը մտավ այս տարածաշրջան, և հարց է առաջանում՝ արդյոք նա կկարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Պատասխանը բացասական է։ Նույնը վերաբերում է նաև Պարսից ծոցի երկրներին և Եվրոպային։ Այսօրվա պայմաններում Իրանը կարող է թելադրել իր պայմանները, և արդեն իսկ դրանք ներկայացրել է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային՝ հայտարարելով, որ տարածաշրջանում սահմանների փոփոխությունը անթույլատրելի է։

Կարծում եմ՝ Իրանը այս տարածաշրջանում կունենա հսկայական դերակատարում, և Թուրքիան ու Ադրբեջանը ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ, իսկ միջանցք հնարավորությունները կսահմանափակվեն։ Այսպիսով, այդ նախագիծը (TRIPP) գտնվում է լուրջ հարցականի տակ։ Ըստ էության, Թրամփը «թաղել է» Միացյալ Նահանգների դիրքերը թե՛ Անդրկովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում»,- եզրափակել է փորձագետը։