Տրանսպորտային ուղիների ընդլայնումը չպետք է հակասի երկրների տարածքային ամբողջականությանը․ Իրանի ԱԳՆ

28 Հուլիսի 2025, 13:48

Քաղաքականություն

Հարավային Կովկասի զարգացումներն ունեն երկու հիմնական առանցք․ առաջինը խաղաղությունը և Ադրբեջան-Հայաստան տարաձայնությունների խաղաղ կարգավորումն է, երկրորդը վերաբերում է տարանցիկ և տրանսպորտային ուղիներին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:

Նրա խոսքով՝ Իրանը մշտապես ընդգծել է խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտությունը։ «Մենք հորդորել ենք Հայաստանին և Ադրբեջանին շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր: Մենք կողմ ենք տրանսպորտային ուղիների ընդլայնմանը, սակայն այն չպետք է հակասի երկրների տարածքային ամբողջականությանը: Այս հարցում Իրանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել։  Իրանը միշտ աջակցել է հաղորդակցման ուղիների ստեղծմանը և ընդլայնմանը՝ դա համարելով արդյունավետ քայլ՝ երկրների տնտեսական զարգացման և տարածաշրջանային առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ»,- նշել է նա։