TRIPP նախագիծը չի իրականացվի․ Սեմյոն Բաղդասարով

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի շուրջ իրավիճակը, նրա արտաքին քաղաքական ուղեգիծը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները։

«Մոսկվայի հայտարարությունները փորձ են ազդելու Փաշինյանի վրա, որպեսզի նա ավելի կառուցողական վերաբերմունք դրսևորի Ռուսաստանի նկատմամբ։ Սա նախազգուշացում է․ եթե Հայաստանը ընտրում է Արևմուտքը, ապա՝ առանց մեր օգնության, գազի և աշխատաշուկայի։ Հնարավոր չէ նստել երկու աթոռի վրա՝ միաժամանակ լինելով Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի հետ։ Նախկինում Մոսկվայում թերագնահատում էին իրավիճակը, սակայն այժմ, համաշխարհային լարվածության ֆոնին, հարցը դրվել է հստակ՝ Հայաստանը դաշնակի՞ց է, թե ոչ։ Եթե այո՝ հարաբերությունները կշարունակվեն, եթե ոչ՝ Ռուսաստանը կգործի առանց արտոնությունների և երաշխիքների՝ ինչպես ցանկացած ոչ դաշնակից երկրի նկատմամբ»,- ասել է Բաղդասարովը։

Խոսելով այն մասին, թե ինչպես է Մերձավոր Արևելքում հակամարտությունն ազդում TRIPP նախագծի իրականացման վրա, փորձագետը նշել է, որ այն չի իրականացվի։

«Եթե Իրանը հիմա դուրս գա այս պատերազմից, նա կզգա իր ուժը։ Այս պահին Իրանում իշխանության են եկել մարդիկ, որոնք հանդես են գալիս այս նախագծի դեմ։ Իշխանության են գալիս այնպիսի ուժեր, որոնք կտրականապես դեմ են դրան և ընդհանուր առմամբ ներկայումս հակադրվում են այդ նախագծին։ Իրանի համար որևէ դժվարություն չի լինի ռազմական միջոցների դիմելը։ Եվ այս առումով Փաշինյանը վտանգավոր իրավիճակի մեջ է դրել Հայաստանը, որովհետև այդ դեպքում այն կարող է վերածվել ռազմական գործողությունների գոտու։ Չի կարող այնպես լինել, որ Իրանի կողքին իրականացվի հակաիրանական նախագիծ, որը կրում է Իրանի գլխավոր թշնամու՝ Թրամփի անունով։ Դա անիրատեսական է»,- ասել է Բաղդասարովը։

Փորձագետի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը և Իսրայելը լիովին պատրաստ չէին դրան, և այս պահին իրավիճակի վերահսկողությունը գտնվում է Իրանի ձեռքում։