Մենք պատրաստ ենք մեզ դնել այս պրոցեսի զոհասեղանին. Թեւանյանը` իշխանափոխության մասին

20 Սեպտեմբերի 2023, 20:46

Քաղաքականություն

Մեր հակառակորդը, ավելի ճիշտ թշնամին ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլ իրեն սատարող երկու պետությունները՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

«Հետեւաբար, մենք արդյունքի հասնելու համար ոչ թե պետք է ֆիդայական ջոկատներով, հախուռն գրոհներով, այլ կազմակերպված բանակով հաղթենք մեր թշնամուն: Մենք պատրաստ ենք մեզ դնել այս պրոցեսի զոհասեղանին, որովեհետւ եթե մենք հաղթանակ չունեցանք, չկարողացանք պաշտպանել Արցախը, Հայաստանը, կապ չի ունենալու, թե ով ինչ կարգավիճակ ունի, ով ինչպես է մտածում, ով ինչ կարիերա է անելու: Հետեւաբար, ես ձեզնից խնդրում եմ մաքսիմալ կազմակերպվածություն: Հավատացեք, իշխանափոխության գործընթացը նույնն է, ինչ ֆիզիկոսը իր լաբորատորիայում փորձեր անի, ինչ բժիշկը վիրահատություն անի: Սա գիտություն է, որ պետք է ճիշտ կազմակերպել ու արդյունքի հասնել: Ես համոզված եմ, որ մենք Նիկոլ Փաշինյանին վռնդելու ենք»:

Թևանյանն ընդգծել է, որ հաղթանակի հասնելու համար պետք է ապահովել զանգվածայնություն.

«Յուրաքանչյուր մտահոգ մարդ պետք է իր շրջապատում քարոզ իրականացնի: Կոչս ուսանողությանը՝ ստիպեք ձեր դասախոսներին նույնպես դասադուլ իրականացնել եւ կանգնել Հայաստանի ու Արցախի օգտին: Ես համոզված եմ, որ մեր հանրություն ուզում է անցնցում եւ հնարավորինս արագ իշխանափոխություն: Մի գրամ անգամ չկասկածեք, որ մենք նպատակասլաց ենք աշխատելու: Մենք շատ արագ, կառուցվածքային տեսք ենք տալու այս պրոցեսին: Մենք պատրաստ ենք ձեռք սեղմել նաեւ նրանց, որոնք հայհոյել են մեզ տարբեր ներքաղաքական հարցերով: Նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս»,- ասել է Անդրանիկ Թեւանյանը:

Նա հայտարարել է, որ հրապարակում հավաքված ժողովուրդն էլ չի կարող օգնության հասնել Արցախին, որովհետեւ դա պետության գործն է, իսկ պետությունը զավթված է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից:

«Թշնամին ներսից է: Մենք չենք կարող անգամ սովորական հաց ու ջուր հասցնել, որովհետեւ թշնամին փակել է մեր ճանապարհը ներսից ու դրսից»: