Թշնամին պարբերաբար խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը. Կիչանի համայնքապետ

30 Հունիսի 2023, 12:58

Քաղաքականություն

Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքերից օրերս անկանոն կրակահերթեր էին արձակվել, որի հետեւանքով բնակելի տներ են վնասվել:

«Արցախպրես»-ի թղթակիցն այցելել է Մարտակերտի շրջանի` հարևանությամբ գտնվող Ճանկաթաղ, Կիչան, և Նոր Ղազանչի համայնքներ:

«Հունիսի 27-ին՝ երեկոյան ժամը մոտավորապես 21:00-ի դրությամբ, կրակոցների ձայներ են  լսվել: Թշնամու դիրքերից գյուղի ուղղությամբ կրակում էին հրետանային զինատեսակներից: Բնակիչների շրջանում, իհարկե, տագնապ ու վախ կար, բայց խուճապի չենք մատնվել: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մատաղ կյանքերը մեր հողի համար են դրվել զոհասեղանին»,- ասել է Կիչան համայքնի ղեկավար Արտո Հակոբյանը և ավելացրել, որ գյուղում շարունակում են ապրել ու արարել`  խաղաղության հաստատման մասին հույսը չկորցնելով:

Համայնքապետի խոսքով՝ գյուղի` մշակման ենթակա հողատարածքները բավականին մոտ են թշնամու մարտական դիրքերին, ինչի պատճառով 2022 թվականին աշնանացան մշակաբույսերի շատ փոքր ծավալի ցանքս են  կատարել, այն էլ`  միայն ռուս խաղաղապահների ներկայությամբ:

«Պատրաստվում ենք խոտհարքին, որից հետո նախատեսում ենք մեկնարկել  գարնանացանի աշխատանքները: Բայց համոզված չենք, որ կստացվի, քանի որ թշնամին շատ է խանգարում գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք կատարմանը:

Հողատարածք ունենք, որը ևս չենք կարողացել մշակել, տեղում առաջացած խոտն էլ ուզում ենք կենդանիների համար որպես կեր բերել, բայց դա ևս չի ստացվում: Մենք լավ ենք հասկանում, որ նրանց նպատակն է ամեն ինչ անել, որպեզի թողնենք ու հեռանանք այստեղից, բայց մենք չենք պատրաստվում թշնամուն ուրախացնել: Անձամբ զրուցել եմ համայնքի բոլոր բնակիչների հետ, բոլորն էլ հաստատակամ են իրենց տներում ապրելու»,- նշել է համայնքապետը: