Թշնամին փորձում է վախի մթնոլորտ ստեղծել,բայց պատրաստ ենք դիմադրել. Ճանկաթաղի բնակիչ

30 Հունիսի 2023, 15:34

Հայեր

Ադրբեջանն իր մարտական դիրքերից Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի ուղղությամբ օրերս հրաձգային զինատեսակներից անկանոն կրակահերթեր էր արձակել, բնակելի տներ վնասվել:

Դեպքից հետո բնակիչների շրջանում տիրող տրամադրություններին և գյուղի առօրյային «Արցախպրես»-ն է ծանոթացել: Գյուղում անհանգիստ է, բայց ճանկաթաղցիները պատրաստ են դիմակայել թշնամուն: Բնակիչները պատմում են՝ կրակոցները նաև գիշերվա ժամին են շարունակվել:

«Թշնամին ամեն կերպ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել, բայց մենք չենք պատրաստվում գյուղը թողնել ու հեռանալ։ Պատրաստ ենք դիմակայել թշնամու ցանկացած գործողությունների։ Մենք մեր երեխաներին հենց այդպես ենք դաստիարակում, որպեսզի նրանք լինեն հայրենասեր ու անվախ։ Նույնիսկ դպրոցում կրակոցների տակ դասապրոցեսը շարունակում ենք»,- պատմել է գյուղի բնակիչ Վրեժ Խաչատրյանը։

Ճանկաթաղցիները աչք են փակում կրակոցների վրա, նրանք բանջարանոցներում շարունակում են մշակաբույսեր աճեցնել: