ՏՏ ոլորտի նկատմամբ հանրության իրազեկվածության մակարդակը ցածր է․ Կարեն Տոնոյան
21 Նոյեմբերի 2024, 22:30
Թե՛ գործարարները, թե սովորական մարդիկ չեն կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը, և հասկանալ, թե ինչ խնդիրների առաջ կարող են կանգնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ հայ իրավաբանական միության ՄՍ և ՏՏ իրավունքի հանձնաժողովի համանախագահ Կարեն Տոնոյանը:
«Հայ իրավաբանական միության ՄՍ և ՏՏ իրավունքի հանձնաժողովը ստեղծվել է հինգ տարի առաջ, քանի որ այդ ժամանակահատվածում ակնհայտ նկատվում էր, որ ՀՀ-ում արագ պրոցեսներ էին ընթանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործական ոլորտներում, և օրենսդրական կանոնակարգերը բավարար չէին հաղթահարելու առկա խնդիրները։ Օրինակ՝ երգերին, ծրագրերին, քանդակներին և նմանատիպ ստեղծագործական ոլորտներին համապատասխան ուշադրություն չէր դարձվում կամ հարգանք չէր ցուցաբերվում: Խոսքը գնում է հեղինակի ստեղծագործական իրավունքի՝ մտավոր սեփականության պաշտպանված չլինելու մասին:
Ինչ վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, հարկ է նշել ՝ թե՛ գործարարների, թե սովորական մարդկանց շրջանում իրազեկվածության մակարդակը շատ ցածր է, և նույնիսկ չեն կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը, ու հասկանալ, թե ինչ խնդիրների առաջ կարող են կանգնել: Դա է պատճառը, որ որոշեցինք ստեղծել մեր հանձնաժողովը և աշխատել այդ խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասել է Տոնոյանը:
Նա իր խոսքում ընդգծել է, որ այն ամենն, ինչ իր մեջ ներառում է գիտելիք, ստեղծագործական աշխատանք, ենթակա է պաշտպանման:
«Հայաստանում տարեցտարի մեծանում է թե՛ ընկերությունների քանակը, թե՛ որակը և նրանց առաջարկները: Այս ամենն իրենց մեջ ներառում են գիտելիքներ, ստեղծագործական աշխատանք, որոնք ենթակա են պաշտպանման: Օրինակ, եթե դու որևէ նոր սարք ես պատրաստում, տեխնիկական լուծում ես առաջարկում, դա, ըստ օրենքի և միջազգայնորեն ընդունված կարգերի, պաշտպանվելիք օբյեկտ է: Հենց այս տարբերակով է ապահովվում միջազգային տնտեսական աճը»,- եզրափակել է Տոնոյանը: