Թվում է՝ Բաքուն ցանկանում է ազատվել ռուսական քաղաքական ու մշակութային ներկայության ցանկացած ձևից. Սերգեյ Միրոնով

18 Հուլիսի 2025, 21:30

Քաղաքականություն

«Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքին պատկանող խոշորագույն մոսկովյան «Սադովոդ» և «Ֆուդ Սիթի» շուկաները, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված կառույցները։

Alpha News-ին տված հարցազրույցում Միրոնովը պարզաբանել է իր դիմումի պատճառները և մեկնաբանել Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների ճգնաժամը։

«Մեր խմբակցությունը բազմիցս մատնանշել է էթնիկական հանցավոր խմբավորումների վտանգը, որոնց մեջ առանձնահատուկ ուշադրություն են գրավում քրեական խմբերը։ Վերջերս նրանց գործունեությունն ակտիվորեն կանխվում է ՌԴ իրավապահ մարմինների կողմից։ Հունիսի 17-ին ձերբակալություններ են տեղի ունեցել Վորոնեժի կենտրոնական շուկայում, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի շրջանային դատարանը հրապարակել է «ադրբեջանական մաֆիայի» հանցագործությունների գործով դատավճիռը, վերջապես հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական հանցավոր խմբի անդամները, որոնք կասկածվում են մի քանի սպանությունների մեջ:

Սա Բաքվում առաջացրել է ոչ ադեկվատ արձագանք, որտեղ ռուսատյաց հիստերիա է սկսվել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը մտադիր է միջամտել ռուսական իրավապահ մարմինների գործողություններին և փորձում է ազդել քննության ընթացքի վրա։ Այս կապակցությամբ ես դիմել եմ Գլխավոր դատախազություն՝ առաջարկելով համապարփակ ստուգում անցկացնել ադրբեջանական սփյուռքի և դրա հետ փոխկապակցված կառույցների գործունեության վերաբերյալ բոլոր դաշնային սուբյեկտներում, այդ թվում՝ «Սադովոդ» և «Ֆուդ Սիթի» շուկաներում, որոնք վերածվել են ֆինանսական սև խոռոչի և անօրինական միգրացիայի բնի»,- նշել է Միրոնովը։

Նա նաև գնահատել է Մոսկվայի և Բաքվի ներկայիս հարաբերությունները.

«Ադրբեջանի միակողմանի թշնամական գործողությունների արդյունքում դրանք փաստացի դադարել են։ Ընդգծում եմ՝ սա մեր նախաձեռնությունը չէ, մենք պատրաստ ենք համագործակցել հարավային հարևանի հետ, սակայն պաշտոնական Բաքվի նման ոչ պատշաճ պահվածքի պարագայում նորմալ հարաբերություններն անհնար են»:

Միրոնովը նաև նշել է․ «Թվում է, թե Բաքուն ցանկանում է ազատվել Ռուսաստանի քաղաքական և մշակութային ներկայության ցանկացած ձևից՝ անհեռատեսորեն անտեսելով հնարավոր հետևանքները։