ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

02 Մայիսի 2024, 18:05

Քաղաքականություն

ԱՄՆ 66 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել ռազմական և անվտանգային բոլոր հատկացումներն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։

Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և պատգամավոր Բարբարա Լիին։

Ուղարկված նամակում կոչ է արվում 200 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղից փախստականների համար, կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական և անվտանգության օգնությունը։ Նամակով ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արվում գնահատել ադրբեջանական պաշտոնյաների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառելու հարցը: Բացի այդ, կոչ է արվում 20 միլիոն դոլարի ռազմական ֆինանսավորում հատկացնել Հայաստանին ևս 10 միլիոն դոլար՝ միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար։ Նաև կոչ է արվում 10 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին իրավական բարեփոխումների համար և ևս 10 միլիոն դոլար՝ ժողովրդավարական բարեփոխումների համար։

Նամակի համահեղինակները հատուկ մտահոգություն են հայտնել Հայաստանի դեմ նոր պատերազմ հրահրելու՝ Ալիևի ռեժիմի մտադրությունների կապակցությամբ:

Բացի այս, Կոնգրեսի անդամները հերթական անգամ կոչ են արել դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության տրամադրումը՝ հայտարարելով, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն իր ցեղասպանական գործողություններով կրկին ու կրկին ապացուցել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու ազնիվ միջնորդ չէ, և Միացյալ Նահանգները չպետք է անվտանգության ոլորտում որևէ օգնություն հատկացնի նրա ռեժիմին: