Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

07 Նոյեմբերի 2023, 16:17

Քաղաքականություն

Լաչինի միջանցքից ապօրինաբար առևանգված Վագիֆ Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Խաչատրյանը դատական նիստում վերջին խոսքով էր հանդես եկել և ասել, որ իրեն մեղավոր չի ճանաչում՝ դատարանին խնդրելով արդարացնել իրեն:

Գործով մեղադրող դատախազը պահանջել էր 15 տարվա ազատազրկման դատապարտել Վագիֆ Խաչատրյանին։ Նա նշել էր, որ պատժի առաջին 5 տարին պետք է Խաչատրյանը անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ «խիստ ռեժիմի գաղութում»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Բաքվում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ֆարսը։ Շինծու գործով «տուժող» է ճանաչվել 59 անձ։ Խաչատրյանը եղել է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ինչի պատճառով էլ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Խաչատրյանին Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։ Նրան առևանգել էին հուլիսի 29-ին ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։ Նա Հայաստան պետք է տեղափոխվեր սրտի վիրահատության համար:

Հիմա եթերում