Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը

14 Հոկտեմբերի 2023, 13:10

Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրել էր Հռոմի ստատուտը՝  Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։

Նշենք, որ Հռոմի ստատուտը վավերացնող երկրները պարտավորվում են ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը: Իսկ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր տվել՝ մեղադրելով ռազմական հանցագործության համար:

Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1998թ–ին, սակայն չէր վավերացրել։ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2004 թ. Հռոմի ստատուտը հակասահմանադրական էր ճանաչել: 2022 թ. դեկտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, Ադրբեջանին պատասխանատվության կանչելու հնարավորության պատճառաբանությամբ, միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսելու նպատակով դիմել էր ՍԴ՝ հիմնավորելով, թե 2004 թ.-ից հետո Հայաստանում երկու անգամ Սահմանադրություն է փոխվել:

Հիմա եթերում