Վալոդյա Գրիգորյանի սպանությունը Փաշինյանի կառավարության ստեղծած ագրեսիայի և անվստահության մթնոլորտի հետևանք է. Արա Աբրահամյան

25 Սեպտեմբերի 2025, 14:45

Քաղաքականություն

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության ստեղծած ագրեսիայի և անվստահության մթնոլորտի հետևանք էր: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Անկախ այս աղմկահարույց սպանության դրդապատճառներից, ակնհայտ է, որ այն հետևանք է հոգեբանական տեռորի, ագրեսիայի, ատելության և անվստահության այն մթնոլորտի, որը, չնայած հակառակ «թավշյա» հռետորաբանությանը, հայ հասարակության մեջ սերմանել է Փաշինյանի գլխավորած կառավարությունը», — ասել է նա:

Աբրահամյանը հավելել է, որ սպանությունը ևս մեկ վկայություն է այն բանի, թե «որքան խոցելի է անվտանգության առումով և՛ հայկական պետությունը, և՛ ողջ հայ համայնքը՝ շարքային քաղաքացուց մինչև պաշտոնյա», ինչպես նաև նոր դրվագ՝ «սոսկալի բռնության, իշխանությունների ցինիկ վերաբերմունքի ֆոնին՝ Հայաստանի զոհված քաղաքացիների հանդեպ, այդ թվում նաև նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են Հայրենիքի ազատության և անկախության համար»։

ՌՀՄ ղեկավարը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մտերիմներին, ու հույս հայտնել, որ իրավապահ համակարգը կզբաղվի ողբերգության հետաքննությամբ «նույն ակտիվությամբ և օպերատիվությամբ, որով զբաղվում է քահանաների և բարերարների դեմ «գործերով», կբացահայտի և կպատժի իրական հանցագործներին՝ և՛ կատարողներին, և՛ նրանց, ովքեր կանգնած են դրա հետևում»:

Հիմա եթերում