Վալյա Սամվելյան. հայ երգարվեստի ոսկե ձայնը
12 Օգոստոսի 2025, 22:00
Վալյա Սամվելյանը 20-րդ դարի հայ ժողովրդական երգերիի ամենավառ կատարողներից է։ Ծնվել է օգոստոսի 12-ին Երևանում։ Պատանեկության տարիներին հաճախել է դպրոցական երգչախումբ, որտեղ ցուցադրել է իր փայլուն ձայնային տվյալները: Չնայած նրան, որ մի շարք պատճառներով չի կարողացել երաժշտական կրթություն ստանալ, նա չի հրաժարվել բեմ բարձրանալու երազանքից։
Ավտոդողերի գործարանում աշխատելու և զուգահեռ երգի-պարի անսամբլում ստեղծագործելու տարիներին նա շրջագայում և ելույթներ է ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, Ուկրաինայում, Բելառուսում, Բալթյան երկրներում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Սիրիայում, Լիբանանում և Բելգիայում: 1957թ. Հայաստանի երիտասարդական փառատոնում զբաղեցրել է առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի։ Դրան հաջորդել են ևս երեքը, բայց Վալյան ձգտում էր նոր բարձունքների։
Սամվելյանի՝ որպես երգչուհու վերջնական կայացումը տեղի է ունեցել Ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների նվագախմբում։ Այնտեղ նա երգում էր լեգենդների՝ Օֆելյա Համբարձումյանի, Շողիկ Մկրտչյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Նորայր Մնացականյանի կողքին։ Նրա կատարմամբ հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ալեքսեյ Հեքիմյանի, Խաչատուր Ավետիսյանի, գուսաններ Աշոտի, Շահենի, Հավասու և այլոց ստեղծագործությունները: Հատկապես հայտնի են դարձել «Անուշիկ իմ քույրիկ», «Անցար այգուս նայելով», «Զով գիշերի» և «Շորորա» երգերը։
Վալյան մահացել է 1990 թվականին՝ ողբերգական ավտովթարից: Երգչուհու մահից հետո նրա որդին՝ երգահան Արա Գևորգյանը, վերականգնել և թողարկել է Վալյա Սամվելյանի երկու երաժշտական ալբոմները՝ «Թողեցիր ինձ մենակ», «Անուշիկ իմ քույրիկ»։
Արան, ով ծնվել է 1960 թվականին, դարձել է հայ ամենահայտնի երաժիշտներից մեկը։ «Արցախ», «Ադանա», «Ով հայոց աշխարհ» ստեղծագործությունների հեղինակը, համագործակցել է Ջիվան Գասպարյանի, Յան Գիլանի և Շառլ Ազնավուրի հետ:
Վալյա Սամվելյանի ձայնը շարունակում է հնչել սերունդների սրտերում ՝որպես հիշողություն, որպես խորհրդանիշ: