Վանդալիզմի է ենթարկվել Արցախի Սպիտակ խաչ վանքը
23 Հունվարի 2024, 14:15
Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետությունում շարունակվում է պետական մակարդակով իրականացվել հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը:
«Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ն ահազանգում է, որ ամենօրյա պարբերականությամբ վանդալիզմի նոր դեպքեր են արձանագրվում:
«Այսօր «Արարատ» տելեգրամյան ալիքը լուսանկար է հրապարակել, որտեղ հստակորեն երևում է Սպիտակ խաչ վանքում կատարված հերթական վանդալիզմը: Վանքը գտնվում է բռնազավթված Արցախի Հադրութ քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Վանք գյուղում` մի բլրի վրա։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական հետքը: Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելվում է մշակութային արժեքների գողությունը, կողոպուտի կամ ապօրինի յուրացման, ինչպես նաև՝ դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած գործողություն»,- նշում է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ը։