Վանդալիզմ. կոտրել են Մոնտեվիդեոյի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու հարևանությամբ գտնվող հայ նահատակների հուշարձանը
17 Հոկտեմբերի 2023, 12:55
Ուրուգվայի հայոց թեմի կենտրոնական վարչական խորհուրդը տեղեկացնում է, որ վանդալիզմի են ենթարկել Ուրուգվայի հայոց թեմի կենտրոնական վարչական հաստատության շենքի հարևանությամբ գտնվող 1915-23 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի «Նահատակաց հուշարձանը» և խաչքարը:
Հուշարձանից կոտրել և հանել են 53 բրոնզե տառերը՝ վնասելով նկարիչ Ներսես Օունանյանի քանդակը շրջանակող բետոնե պատը, և փորել են խաչքարի մոտ 10 սմ երկարությամբ հատված, վնասել խաչի տակ գտնվող փորագրված զարդանախշերը:
Թեմի կենտրոնական վարչական խորհուրդը համապատասխան հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և գործի է դրել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները մեղավորներին հայտնաբերելու համար, միաժամանակ սկսել է վնասը վերացնելու համար անհրաժեշտ վերանորոգման պլանավորումը։
«Մենք ուշադրությամբ ենք վերաբերվում ընթացող ոստիկանական հետաքննությանը՝ պարզելու մեր հարյուրամյա համայնքի համար բացարձակապես անտիպ այս իրադարձության դրդապատճառները: Մեր կոչն է ավելի համերաշխությամբ և աջակցությամբ արձագանքել այս փաստին, արցախցի մեր փախստական եղբայրներին և մեզ անդամալույծ անելու արտոնություն չտալ նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով հարձակվել են մեր ինքնության և հավատքի խորհրդանիշների վրա։ Եկեք շարունակենք աշխատել նրանց համար, ովքեր մեր կարիքն ունեն այս պահին»,-ասված է Ուրուգվայի հայոց թեմի կենտրոնական վարչական խորհրդի հայտարարության մեջ: