Վանի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է. լուսանկարներ

29 Օգոստոսի 2023, 20:15

Մշակույթ

Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է: Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունի: Այն, ինչ մնացել է, միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի, որը նույնպես փլուզման եզրին է:

Ermenihaber-ը հայտնում է, որ ներկայումս եկեղեցին գտնվում է գյուղում ապրող 63 տարեկան քուրդ մի հովիվ հոգածության ներքո: 

Նշվում է,որ վանական համալիրը ոչ մի իշխանության օրոք երբևիցե չի վերանորոգվել և  պետության կողմից անտեսված է:

Միայն Վանում 100-ից ավելի եկեղեցի կա, որոնցից սակայն, վերանորոգվել է Վանա լճի 4 կղզիներից Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին և Էդրեմիտում (Արտամետ) գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Նշենք, որ Վարագավանքը կառուցել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան արևմտյան լանջին։ Նախկինում եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։