Վարչապետի աթոռը զբաղեցնողը մեր բոլոր արատների խտացված մարմնավորումն է, հետևաբար՝ իշխանափոխությունն այլընտրանք չունի․ Թևանյան
21 Սեպտեմբերի 2025, 16:58
Մեզանից փաստացի խլել են մայիսի 9-ը, Բանակի օրը, սեպտեմբերի 2-ը, հիմա էլ ուզում են նույնն անել արդեն սեպտեմբերի 21 հետ։ Այս մասին «Մայր Հայաստան» կուսակցության համագումարին հայտարարել է «Մայր Հայաստան» շարժման ղեկավար, կուսակցության վարչության նախագահի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Հայաստանի 3-րդ հանրապետությունը ծնվեց Ղարաբաղյան շարժումից: Շարժումը միայն Ղարաբաղի մասին չէր, այն վերածվեց անկախական շարժման, որի շրջանակներում մարդիկ ուզում էին ազատ տնտեսական հարաբերություններ, դեմոկրատական համակարգ և արդարադատություն, պարզ ասած, արժանավայել ապրել։ Ղարաբաղյան շարժումը չէր ծնվի, եթե չլինեին այն քաղաքացիները, որոնք կայացել էին Խորհրդային Հայաստանի ժամանակահատվածում։ Այդ սերունդը կարողացավ մեծ հաղթանակ տանել Արցախյան առաջին պատերազմում և անկախ պետություն ստեղծել։ Դա հաղթանակ էր, որը թույլ տվեց մեզ աշխարհի առաջ ներկայանալ ոչ թե որպես ցեղասպանված, այլ հաղթանակած ժողովուրդ։ Բայց այս ամենին զուգահեռ եղան նաև մեծ պարտություններ, նորանկախ Հայաստանում քաղաքացին օտարվեց պետությունից և իր սոցիալական խնդիրների առաջ մնաց մենմենակ։ Ձևավորվեց ոչ թե արդար համակարգ, այլ գիշատիչ համակարգ։ Թոշակառու լինելն այսօր ոչ թե տարիքային ձևակերպում է, այլ դատավճիռ։ Պարադոքսն այն է, որ սովետական սերունդը կերտեց անկախություն, իսկ իշխանության մեջ հայտնված անկախության սերնդի այս միջակությունները և պատահականությունները վերացնում են մեր բոլոր նվաճումները։ Մեզանից փաստացի խլել են մայիսի 9-ը, Բանակի օրը, սեպտեմբերի 2-ը, հիմա էլ ուզում են նույնն անել արդեն սեպտեմբերի 21 հետ»,- նշել է Թևանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի 3 նախագահներին մարդիկ տարբեր կերպ են գնահատում, բոլորն էլ ունեցել են սխալներ, բայց նրանցից ոչ մեկի վրա չի եղել դավաճանի պիտակ։
«Այսօր վարչապետի աթոռը զբաղեցնողը հետանկախական շրջանի մեր բոլոր արատների խտացված մարմնավորումն է, իշխանափոխությունը, հետևաբար, այլընտրանք չունի։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի թիմակիցներ, Հայաստանի Հանրապետության 3 նախագահներին մարդիկ տարբեր կերպ են գնահատում, բոլորն էլ ունեցել են և՛ ձեռքբերումներ, և՛ սխալներ, երբեմն կոպիտ սխալներ, բայց նրանցից ոչ մեկի վրա չի եղել դավաճանի պիտակ, ոչ մեկի մասին չեն ասել, որ նա թշնամու գործակալ է։ Նման բան ասում են միայն Նիկոլ Փաշինյանի մասին։ Օրվա իշխանությունը սիրում է օգտագործել 30 տարի ձևակերպումը՝ փորձելով իր սխալները, դավաճանությունները, խայտառակ ձախողումները վերագրել անցյալին։ Հիմա արդեն նաև հայ մայրերի գրպանն է ուզում գցել իր դավաճանությունը։ Սրանց տեխնոլոգիան, գիտեք որն է, իրենց բոլոր սխալները, դավաճանությունները, պարտությունները գցում են ուրիշի վրա։ Ասում են՝ նախկիններն են, ռուսներն են, մեր զինվորականներն են»,- ընդգծել է Թևանյանը։