Վարդան Աճեմյան․ Հայաստանի թատերական արվեստի հիմնադիրներից մեկը
15 Սեպտեմբերի 2024, 23:10
Սեպտեմբերի 15-ը հայ անվանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ և մանկավարժ Վարդան Աճեմյանի ծննդյան օրն է:
Վարդան Աճեմյանը ծնվել է 1905 թվականին արհեստավորի ընտանիքում։ 1924 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստական տեխնիկումը, իսկ ահա թատերական կրթությունը ստացել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում։
Աճեմյանն ավարտել է նաև ռեժիսորական դասընթացները։ Բեմական գործունեությունը սկսել է 1927 թվականին՝ որպես Թբիլիսիի հայկական ստուդիայի ղեկավար։
Վարդան Աճեմյանը Գյումրու` Հայաստանի երկրորդ պետական թատրոնի դերասաններից էր և գեղարվեստական ղեկավարը: Այժմ այն կոչվում է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն: 1953 թվականից եղել է Երևանի Սունդուկյանի անվան պետական թատրոնի գլխավոր ռեժիսորը։
Նա նաև դասավանդել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1946 թվականից Աճեմյանը եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է նաև մի շարք շքանշաններով, պետական պարգևներով: 1945թ. արժանացել է Հայաստանի, 1965թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման:
Վարդան Աճեմյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է տեղադրված Մաշտոցի 45 հասցեում․ հենց այդ շենքում է ապրել Աճեմյանը կնոջ՝ հայ բեմի մեծանուն դերասանուհի Արուս Աճեմյանի և զավակների հետ։ Նրա անունով է կոչվում նաև Երևանի փողոցներից մեկը:
Վարդան Աճեմյանը կյանքից հեռացել է 1977 թվականի հունվարի 24-ին Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: