Վարդան Գրեգորյան․ ականավոր գիտնականի, մարդասերի ուղին Թավրիզից Նյու Յորք
08 Ապրիլի 2025, 23:45

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ապրիլի 8-ը ամերիկացի հայտնի գրող, պատմաբան, Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի ծննդյան օրն է:
Վարդան Գրեգորյանը ծնվել է 1934 թվականին Իրանի Թավրիզ քաղաքում՝ հայկական ընտանիքում։ Սովորել է հայկական և ռուսական դպրոցներում։ Տարրական կրթությունը ստացել է Իրանում, միջնակարգ կրթությունը՝ Լիբանանում։ Բեյրութում լրագրող աշխատելուց հետո Գրեգորյանը գաղթել է ԱՄՆ՝ Հայոց պատմություն դասավանդելու մտադրությամբ, սակայն ընդունվել է Սթենֆորդի համալսարան, որն ավարտել է 1958 թ. գերազանցությամբ՝ մասնագիտանալով պատմության և հումանիտար գիտությունների ոլորտներում։ 1964թ. դասավանդել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի պատմություն Սան-Ֆրանցիսկոյի պետական քոլեջում, Կալիֆորնիայի (Լոս-Անջելես) և Տեխասի (Օստին) համալսարաններում։
1972 թվականին ընդունվել Է Փենսիլվանիայի համալսարան, որտեղ դարձել է պատմության պրոֆեսոր և արվեստի և գիտությունների ֆակուլտետի դեկան։
1981-1989 թվականներին Վարդան Գրեգորյանը եղել է Նյու Յորքի հանրային գրադարանի (NYPL) նախագահը, որտեղ զգալիորեն ավելացրել է գրադարանի բյուջեն և ապահովել 327-400 մլն դոլարի ֆինանսավորում: Նա նաև ղեկավարել է գրադարանի գլխավոր մասնաճյուղի վերականգնման և Բրայանտ պարկի բարեկարգման աշխատանքները: 1999 թվականին NYPL-ի գլխավոր մասնաճյուղի դահլիճը կոչվել է նրա անունով։
Վարդան Գրեգորյանն ակտիվորեն աջակցել է ամերիկահայ համայնքին և կրթության զարգացմանը Հայաստանում։ 2009 թվականին նա հայտարարել է, որ Հայաստանը պետք է ներդրումներ կատարի կրթության ոլորտում, ինչպես անում են սկանդինավյան երկրները։ 2014 թվականին Գրեգորյանը դարձել է UWC Dilijan դպրոցի կառավարիչների խորհրդի անդամ և նվիրաբերել 1500 գիրք։ Բացի այդ, նա աջակցել է Հայաստանի Ամերիկյան համալսարանին՝ 2010 — 2014թթ. նվիրաբերելով հարյուրավոր գրքեր:
Բազմաթիվ պարգևների և կոչումների է արժանացել Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի և Պորտուգալիայի կառավարությունների կողմից։ Վարդան Գրեգորյանին շնորհվել է նաև Ազատության նախագահական շքանշան և Հումանիտար գիտությունների պետական շքանշան։
Վարդան Գրեգորյանը հրատարակել է մի շարք գրքեր, որոնց թվում են «Ճանապարհ դեպի տուն. Իմ կյանքը և ժամանակները» (The Road To Home: My Life and Times), «Իսլամ. Խճանկար, ոչ միաձույլ» (Islam: A Mosaic, Not a Monolith), «Ժամանակակից Աֆղանստանի հայտնությունը, 1880-1946 թթ.» (The Emergence of Modern Afghanistan, 1880-1946):
2015 թ. նա, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի հետ, հիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։
Վարդան Գրեգորյանը կյանքից հեռացել է 2021 թվականի ապրիլի 15-ին։