Վարդապետության աստիճանի տվչություն` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում

27 Փետրվարի 2024, 08:55

Բոլոր

Փետրվարի 26-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի է ունեցել Հայ Եկեղեցու մասնավոր վարդապետության չորս աստիճանների տվչության արարողություն:

Ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, մասնավոր վարդապետության աստիճան տրվել է փետրվարի 23-ին, վարդապետական թեզ պաշտպանած Կ․Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Հովակիմ աբեղա Սերովբյանին։

Նույն օրը Հայոց Հայրապետը Միքայել Սրբազանի ուղեկցությամբ ընդունել է նորընծա Հովակիմ վարդապետին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Մայր Աթոռի Սուբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքը բերելով Հոգեշնորհ Հայր Սուրբին, վստահություն հայտնել է, որ նորընծա վարդապետը առավել ջերմեռանդությամբ ու նախանձախնդրությամբ կշարունակի իր նվիրյալ ծառայությունը Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությանը՝ նպաստելով հայ համայնքի ազգային արժեքների և ինքնության պահպանմանը։

Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձել է նաև Սահակ Պատրիարքի՝ Կ․ Պոլսի հայոց հոգևոր-եկեղեցական կյանքը աշխուժացնելու ուղղությամբ գործադրած ջանքերին և կարևոր ներդրմանը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարդապետական ականակուռ լանջախաչով զարդարել է Հովակիմ վարդապետի կուրծքը, և ‹‹Պահպանիչ›› աղոթքով օրհնեց նրան:

Հիմա եթերում