Վարդենիկ գյուղում կառուցվում է Արցախյան պատերազմներում զոհված հայորդիներին նվիրված հուշահամալիր

22 Հունիսի 2023, 19:25

Մշակույթ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է Արցախյան  պատերազմներում զոհված 26 հայորդիներին նվիրված հուշահամալիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիկի հուշահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 89 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Հուշահամալիրը կառուցվում է Վարդենիկի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի հետնամասում, կենտրոնական փողոցի հարևանությամբ։

Վարդենիկի հուշահամալիրի կառուցման նախագծի հեղինակ Սամվել Բաղդասարյանի ներկայացմամբ՝ հուշահամալիրի տարածքում ստեղծվում է պուրակ՝ ծառապատ և կանաչապատ գոտիով։ Հուշահամալիրն իրենից ներկայացնում է հենապատ՝ 26 խորշերով, որտեղ տեղադրվում է զոհերից յուրաքանչյուրի նկարը և գրվում անուն-ազգանունը։ Հենատապի մեջտեղում բարձրանում է հուշարձանը՝ երեք տերևներով և նրանց արանքից բարձրացող բուրգով։ Տերևներից երկուսը խորհրդանշում են Արցախյան երկու պատերազմների, իսկ երրորդը՝ խաղաղ ժամանակներում զոհված վարդենիկցի հերոսների հիշատակը, իսկ կենտրոնից բարձրացող բուրգը խորհրդանշում է նոր կյանքի ծիլն ու հարատևությանը։ Գլխավոր մուտքից ճեմուղի է ձգվում դեպի հուշապատ, ճեմուղիում դրվելու են նստարաններ, անցկացվելու է լուսավորություն, ցայտաղբյուրի և ոռոգման համար՝ ջրամատակարարման համակարգ։ Հուշահամալիրը դպրոցի տարածքից անջատվելու է կանաչապատ գոտիով։ Հուշահամալիրը կառուցում է Խաչիկ Սարգսյանի ճարտարապետությամբ։

Հիմա եթերում