Վարդենիսի դիրքերից մեկում սպանված Կարեն Կարապետյանը Ոսկեվազ գյուղից էր

09 Հունվարի 2024, 12:58

Հայեր

Մարտական դիրքում սպանված պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանն Արագածոտնի Ոսկեվազ գյուղից էր։ Նա 24 տարեկան էր։

«Կարենն ընտանիքի ավագ որդին էր, ունի ևս մեկ եղբայր: Շատ լավ երիտասարդ էր, մարդ: Կոչումով լեյտենանտ էր, ռազմական համալսարանն էր ավարտել»,- 24News-ի հետ զրույցում ասել է Ոսկեվազ համայնքի ղեկավար Երվանդ Համբարձումյանը:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ  հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: