Վարդգես Սուրենյանց․ Հայ գեղանկարչության նոր դարաշրջանի հիմնադիրը

27 Փետրվարի 2024, 23:15

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Փետրվարի 27-ին լրանում է անվանի գեղանկարիչ, թատերագետ և արվեստի տեսաբան, հայ գեղանկարչության նոր դարաշրջանի հիմնադիր Վարդգես Սուրենյանցի ծննդյան 164-ամյակը:

Ուսումնասիրելով Արևելքի և Արևմուտքի մշակույթը՝ Վարդգես Սուրենյանցը կարողացել է ստեղծել իր ուրույն ազգային ոճը: Նա եղել է հայ գեղանկարչության մեջ պատմական ժանրի հիմնադիրը։ Սուրենյանցի լավագույն ստեղծագործություններից շատերն արտացոլում են Հայաստանի պատմության տարբեր դրվագներ, նկարազարդում են հին հայկական դիցաբանության սյուժեները:

Օրինակ՝ «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ», «Անի, 11-րդ դար. Կանանց ելքը եկեղեցուց», «Զաբել թագուհու վերադարձը գահ» և այլն։

Նա նաև հարստացրել է հայկական գեղանկարչությունը՝ փորձելով ազգային արվեստը չսահմանափակել միայն ազգային դեմքերով։

«Սալոմե»-ն Սուրենյանցի լավագույն ստեղծագործություններից մեկն է։ Այն 1912 թվականին ներկայացվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, իսկ 1914 թվականին՝ Վենետիկի կերպարվեստի համաշխարհային ցուցահանդեսում։

Դեռ Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում սովորելու տարիներից Վարդգես Սուրենյանցը զբաղվել է գրաֆիկայով, աշխատել է նաև գրքի նկարազարդման ոլորտում և հաջողության է հասել այս գործում:

Նրա աշխատանքները ցուցադրվել են Պետերբուրգում, Մոսկվայում, Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում, Պրահայում, Թիֆլիսում, Ռոստովում, Ղրիմում:

Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է նրա ստեղծագործությունների պատկառելի հավաքածուն՝ լի հարազատ ժողովրդի հանդեպ կարեկցանքով և նրա ապագայի հանդեպ մտահոգությամբ: