Վարդուհի Վարդանյան․ Երիտասարդ աստղ, ով վառ հիշողություններ է թողել իր մասին
27 Հունիսի 2024, 23:59
Հունիսի 27-ին հայ հայտնի երգչուհի, միջազգային մրցույթների հաղթող Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 48 տարեկան:
Երգչուհին ծնվել է 1976թ. հունիսի 27-ին Երևանում: Նա մանկուց սիրում էր երգել և նույնիսկ նոթատետրում գրում էր Սովետական ժամանակաշրջանի երգերի բառերը: Վարդուհին երգում էր, իսկ երաժշտական գործիք կարող էր ծառայել ցանկացած առարկա՝ թավա, բաժակներ, գդալներ։ Միայն թե հնչի։ Ահա այսպիսին է լինում սերը երաժշտության հանդեպ:
Հետագայում սովորել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Վարդանյանն ունիկալ ձայն ուներ՝ ականջ շոյող տեմբրով։ Նա ուներ նաև երկրպագուների հսկայական բանակ, որոնք անգիր գիտեին նրա երգերը։
Իր կարճատև կարիերայի ընթացքում Վարդուհին բազմաթիվ մրցանակներ ու հաղթանակներ է բերել Հայաստանին տարբեր երաժշտական մրցույթներից: 1994 թվականին Սվերդլովսկում արժանացել է «Գրան պրի»-ի, իսկ «Յալթա-Մոսկվա-տրանզիտ» երիտասարդ կատարողների մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի՝ լավագույն կատարման համար։ Բուլղարիայում կայացած «Դիսքավերի» մրցույթում ստացել է «Գրան պրի» և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակին: 2000 թվականին մասնակցել Է «Սլավյանսկի բազարին»՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։
Վարդուհի Վարդանյանը ժամանակին աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում, իսկ 1999 թվականին ճանաչվել է Հայաստանի Տարվա երգչուհի:
Ցավոք, Վարդուհին կյանքից հեռացել է շատ երիտասարդ՝ 30 տարեկան հասակում։ 2006 թվականի հոկտեմբերի 15-ին նա մահացել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ համերգից վերադառնում էր Երևան:
Հետաքրքիր փաստ. Վարդուհի Վարդանյանն ավարտել է Վ. Բրյուսովի անվան համալսարանի «Անգլերեն լեզվի և քաղաքագիտության» ֆակուլտետը և երկու տարի Երևանի Պուշկինի անվան դպրոցում աշխատել որպես անգլերենի ուսուցչուհի: