Վարդուհի Վարդերեսյան․ Հայ բեմի թագուհին

19 Մարտի 2024, 23:45

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մարտի 19-ին լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան 96-ամյակը:

Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928թ. մարտի 19-ին Բուխարեստում: Դպրոցն ավարտելուց հետո 18 տարեկանում Վարդուհին տեղափոխվել է Հայաստան։ Նրա բեմելը տեղի է ունեցել Նուբարաշենի ինքնագործ թատրոնում։

1947 թվականին Վարդուհի Վարդերեսյանն ընդունվում է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա, իսկ 1958 թվականին տեղափոխվում Երևանի Սունդուկյանի անվան թատրոն։

Վարդերեսյանը բազմաթիվ դերեր է խաղացել բեմում, ինչպիսիք են Մարգարիտը՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Ռանևսկայան՝ Չեխովի «Բալի այգում», Քլերը՝ Դյուրենմատի «Ծեր տիկնոջ այցը» և այլն։ Սակայն ամենաարտասովորը նրա 12-ամյա տղայի՝ Ջոնիի դերն էր Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի հիման վրա, որը նա խաղացել է գրեթե մինչև 30 տարեկանը։

1958 թվականից նա նկարահանվել է հեռուստատեսային արտադրություններում՝ դառնալով առաջին հեռուստատեսային դերասանուհիներից մեկը։ Նա հայ բեմի երկարակյացներից մեկն էր. գրեթե 70 տարի խաղացել է՝ նախ ինքնագործ, ապա երկրի առաջատար թատրոններում։ Նշանավոր դերասանուհին մեծ ներդրում է ունեցել հայ թատրոնի կայացման և զարգացման գործում։

1985թ. հրավիրվել է Հալեպ, որտեղ «Ադամյան» թատրոնում արժանացել է ոսկե մեդալի: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը պարգևատրվել է բազմաթիվ պարգևներով, այդ թվում՝ «Պատվո շքանշանով»:

Վարդուհի Վարդերեսյանը կյանքից հեռացել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին: