Վարտո Տերյան. Իրանի առաջին թատերական դերասանուհին, որը ձեռնոց նետեց ավանդույթներին

07 Օգոստոսի 2023, 23:18

Հայեր | Մշակույթ

Իրանի առաջին թատերական դերասանուհու՝ Վարտո Տերյանի միակ պահպանված լուսանկարը նրա սեւ-սպիտակ դիմանկարն է՝ մեծ նախշերով գլխաշորով: Նրան հիմա քչերն են հիշում, բայց հենց նա բացեց բեմի դռները շատ կանանց համար:

Iranwire-ի փոխանցմամբ՝ 1921թ.-ին Տերյանը եւ իր փոքրիկ դուստրը բեմ են բարձրացել «Ադամ եւ Եվա» ներկայացմամբ, որպեսզի գումար հայթայթեն աղջիկների դպրոցի համար։ Կրոնական մոլեռանդները խանգարել են երկրորդ արարքին եւ ներկայացումից հետո երկար ժամանակ Տերյանին հետապնդել են։ Բայց նա հրաժարվել է հեռանալ բեմից։

Վարտո Տերյանը ծնվել է 1896 թվականին Թավրիզում, հայ ընտանիքում։ Նա դեռ երեխա էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Թեհրան։ Դպրոցն ավարտելուց հետո նրան ուղարկում են Շվեյցարիա, որտեղ սովորում է գրականություն, հրապարակախոսություն եւ դերասանական վարպետություն։ Նրա վերադարձն Իրան համընկնում է Թեհրանում մի շարք թատերական ընկերությունների, այդ թվում՝ Երիտասարդ հայերի թատերական ընկերության հիմնադրման հետ։ Այն ժամանակ հայերն ավելի ազատամիտ էին, քան շրջապատող մահմեդական հասարակությունը։ Հենց թատերական հասարակության ժողովին Վարտոն ծանոթանում է ապագա ամուսնու՝ Արտո Տերյանի հետ։

Արտո Տերյանը նույնպես հայ էր եւ Վարտոյի հետ սովորում էր Թեհրանի նույն հայկական դպրոցում։

Վարտո Տերյանը 25 տարի բարձր գնահատականի է արժանացել ոչ միայն իրանական մամուլում, այլեւ ֆրանսիական հեղինակավոր Mercure de France թերթում։ Արտո Տերյանը մահացել է 1954 թվականին, իսկ կինը՝ 20 տարի անց՝ 1974 թվականին։