Վաշինգտոնի համար Սյունիքը դարձել է առանցքային կետ՝ Իրանին, Ռուսաստանին զսպելու համար. Անդրանիկ Հովհաննիսյան
06 Փետրվարի 2026, 22:30
Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը Alpha News-ի եթերում անդրադարձել է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ռազմավարական շահերին և TRIPP նախագծի շուրջ գործընթացներին։
Ըստ նրա՝ Վաշինգտոնի համար Սյունիքը դարձել է առանցքային կետ՝ Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին զսպելու համար։ Անդրանիկ Հովհաննիսյանը կարծիքով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա այցը Երևան ու Բաքու ունի մեկ հստակ օրակարգ՝ ճանապարհների վերահսկողություն։
«Նախագծի իրականացման դեպքում Հայաստանի ինքնիշխանությունը տվյալ հաղորդակցությունների նկատմամբ լինելու է խիստ սահմանափակ։ Արդեն իսկ կա տեղեկատվություն, որ ճանապարհի անվտանգությունն ու մոնիտորինգն ապահովող կազմակերպության մեջ Հայաստանին մնալու է ընդամենը 26% բաժնեմաս, իսկ մնացած 74%-ը գնալու է ԱՄՆ-ին կամ այլ արտաքին կառույցների։ Սա վկայում է, որ Հայաստանն այս ծրագրի հիմնական շահառուն չէ»,-ասել է Հովհաննիսյանը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ից ժամանած հատուկ խմբերն արդեն տեղում ուսումնասիրում են Հայաստանով անցնող երթուղիները։
«Տարածաշրջանը դարձել է աշխարհաքաղաքական բախման կետ, որտեղ Արևմուտքը փորձում է ամրապնդել դիրքերն՝ օգտագործելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և նոր լոգիստիկ ուղիների անհրաժեշտությունը»,- հավելել է քաղաքագետը։