Վաշինգտոնը փորձում է Կովկասում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել․ Բոգդան Բեզպալկոն
11 Հուլիսի 2024, 00:53
Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին մեկնաբանել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա եռակողմ բանակցությունները։
«Վաշինգտոնը փորձում է Կովկասում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և որոշակի արդյունքներ ներկայացնել որպես իր գերատեսչությունների հաջողություն։ Այսինքն՝ հայտարարել, որ իրենց ջանքերի շնորհիվ փոխզիջումային իրավիճակ է ձեռք բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև և արժեքավոր հանձնարարականներ տալ երկու կողմերին։
Ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնում հանդիպումը պարզապես խորհրդանշական արարողակարգային հանդիպում է, ինչ-որ կոնկրետ որոշումներ, իմ կարծիքով, հիմա չեն ենթադրվում։ Միգուցե դա կլինի խորհրդատվական հանդիպում, որտեղ պարզապես կպարզեն կողմերի դիրքորոշումները և նրանց կփոխանցեն ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Այլ բանի մասին խոսելը վաղաժամ է»,- ասել է Բեզպալկոն:
Ըստ քաղաքագետի՝ հնարավոր է, որ պայմանավորվածությունների մասին կիմանանք Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ, երբ դա իրականացվի։
«Հնարավոր է՝ հանդիպումից հետո, որոշ ժամանակ անց, Հայաստանի ղեկավարության կողմից քայլեր ձեռնարկելուց հետո իմանանք, որ քննարկվել են ռազմական կամ քաղաքական դաշինքներին, միություններին Հայաստանի անդամակցության հնարավորությունները, կամ հակառակը՝ հետխորհրդային տարածքում որևէ դաշինքից դուրս գալու հնարավորությունները, օրինակ՝ ՀԱՊԿ-ից (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) և ԵԱՏՄ-ից (Եվրասիական տնտեսական միություն) ։
Հնարավոր է՝ մենք կիմանանք, որ այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել Վաշինգտոնի գագաթնաժողովում միայն այն բանից հետո, երբ այդ քայլերն արդեն իրականացվեն, և ՀՀ ղեկավարությունը բաց հայտարարի այդ հռչակագրերի կամ այդ փաստաթղթերի ու պայմանավորվածությունների մասին»,- նշել է Բեզպալկոն։
Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեից հրաժարվելուն, ապա, ըստ նրա, ակնհայտ է, որ Եվրամիությունն այժմ իր կազմում չի ընդգրկի Հայաստանին։ «Այդ պատճառով Երևանի ղեկավարությունը կարող է բարդ իրավիճակում հայտնվել։ Եթե ժողովուրդն ասի, թե մենք ինչ ենք ուզում, պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկվեն այդ հանրաքվեի արդյունքները կյանքի կոչելու համար։ Իսկ եթե ասեն՝ ոչ, չենք ուզում, այդ ժամանակ դժվար կլինի արևմտամետ քաղաքականություն վարել, այդ թվում՝ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում»,- եզրափակել է Բեզպալկոն։